Փողոցների անվանափոխման թեման ակտուալ դարձավ ոչ թե հիմա, այլ դեռ անցյալ տարի, երբ հանրության որոշ շերտերում ու հարթակներում, մասնավորապես՝ Ֆեյսբուք սոցիալական կայքում սկսվեցին քննարկել բոլշևիկյան ու խորհրդային տարիների հերոսների, նշանավոր անձանց, քաղաքական գործիչների անուններով կոչված փողոցների վերանվանումը։ Ինչո՞ւ է դա արվում։ Նպատակը, ըստ նախաձեռնողների, որոնք ավելի շատ հասարակության լիբերալ շերտն են ներկայացնում, հետևյալն է՝ ժամանակն է ազատվելու խորհրդային իներցիայից, փողոցները անվանել հայ ազգային հերոսների ու հայաստանցիների համար առավել ընդունելի մարդկանց անուններով։ Յուրաքանչյուր իշխող դասակարգ բերում է իր մտածողությունն ու փիլիսոփայությունը։ Աշխարհն այսօր զարգանում է սրընթաց արագությամբ, ու կոնկրետ չափորոշիչներ տալ, գնահատել տվյալ ժամանակաշրջանի գործչին։ Մանավանդ որ դրա համար ժամանակ է պետք։ Խորհրդային միությունն արդեն անցյալ է, սակայն մերժել այդ անցյալը՝ որպես պատմության մաս, սխալ է։ Ուզել, թե չուզել, ցանկանալ, թե ոչ, դա պատմության մաս է, այսօրվա Հայաստանի օրգանական նախորդը, մեր հասարակության դեռ մի ահռելի մաս շարունակում է կրել այդ ժամանակաշրջանի վարքն ու բարքը, տարեցների մեջ ավելի մեծ թիվ կկազմեն սովետական, քան անկախության գաղափարի կրողները։ Ինչ մնում է գործիչներին, իհարկե, իրարամերժությունը նորմալ կատեգորիա է, մասնավորապես՝ Կասյանի, Միկոյանի, Շահումյանի և այլոց վերաբերյալ, բայց կներեք, ցույց տվեք մեկ քաղաքական գործչի, ով բոլորի համար կհամարվի էտալոն։ Եվ եթե կարծում եք, որ նույն Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի հանդեպ հանրությունն ունի միանշանակ ընկալումներ ու պատկերացումներ, ապա չարաչար սխալվում եք։ Այնպես որ, այդ հանրային լսումներ ու քննարկումներ կոչվածները հենց այսպիսի խնդիրներ քննարկելու համար են։ Սա չպետք է դառնա ինչ-որ կուսակցության կամ քաղաքական անձի մենաշնորհը, որովհետև քաղաքական ուժերն ունեն իրենց գաղափարներն ու յուրովի սահմանափակում են տարակարծությունը, այնպես որ, այս հարցի քննարկումը բազմակարծություն է ենթադրում ու հանրության գրեթե բոլոր շերտերի ներգրավում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել