Tert.am-ը գրում է.
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է այն հարցին, թե ինչ է արել խիստ հավակնոտ ծրագրեր հռչակած «Հայաստանի ներդրողների ակումբը», թե 2017-ի համար խոստացված գումարներն արդյոք մտե՞լ են Հայաստան: 

- 2017թ. մարտի 25-ին տրվեց «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի մեկնարկը, որի հռչակված նպատակներից էր Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելը և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելը։ Կարո՞ղ եք մատնանշել՝ այս ընթացքում քիչ թե շատ հայտնի ծրագրեր, որ իրականացվել են և նաև ի՞նչ  ծավալի  ներդրումներ: Վարչապետը այս տարվա համար խոստացել է մոտ 830 միլիոն դոլարի ներդրում, արդեն օգոստոսն է՝ 8-րդ ամիսը, և, հետևաբար, կարո՞ղ եք նշել՝ այդ գումարների որ մասն է մտել Հայաստան և եթե չեն մտել այդ գումարները, արդյոք դրանք Հայաստան կբերվե՞ն 2017 թ. ընթացքում: 

 - Այո՛, դա նախընտրական շրջանի ձեռնարկներից էր ու ներդրումային հիմնադրամի ձևավորումը, ինչպես նաև խոստացված ներդրումային ծրագրերը ընթացքի մեջ են։ Ըստ պաշտոնական հավաստիացումների՝ իրականացման ընթացքի մեջ է 66 ներդրումային ծրագիր՝ շուրջ 500 միլիոն դոլար ծավալով։ Դրանք ներառում են էներգետիկայի, մշակող արդյունաբերության, հանքարդյունաբերության, կապի և հեռահաղորդակցության բնագավառները։ Ամենաթարմ օրինակը՝ Դեբեդ գետի վրա կառուցվելիք հիդրոկայանի շինարարության ծրագիրն է՝ նախնական մոտ 150-180 միլիոն դոլար ծախսային փաթեթով։ Ինչ վերաբերում է ընդհանուր ներդրումային խոստումներին, ապա դրանց վերաբերյալ տվյալները հասանելի կլինեն լավագույն դեպքում 2018թ. հունվար-փետրվար ամիսներին։   

-  Ռուսական տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Հաշվի առնելով, որ ներդրողի ակումբի անդամների հիմանական մասը ռուսաստանցի հայազգի գործարարներ են, արդյոք հարցականի տակ չե՞ն ներդրումներն ու ծրագրերը:

- Այն, որ ամերիկյան պատժամիջոցներից Ռուսական տնտեսությունն էապես տուժել է, ու առաջիկայում այդ կորուստներն ավելի կմեծանան, միանշանակ է։ Ինչ խոսք, դա կազդի նաև այդ երկրում գործող հայազգի գործարարների, և ընդհանրապես ռուսական կապիտալի ներդրումային վարքագծի վրա։ Սակայն, մյուս կողմից, Ռուսաստանում ներդրումային պայմանների ու մթնոլորտի վատթարացումը կարող է հարկադրել այդ երկրի ներդրողներին իրենց ներդրումային ծրագրերը վերակողմնորոշել այլ երկրներ, այդ թվում, ինչու չէ՝ նաև Հայաստան։ Խոսքը ոչ միայն բուն ռուսական, այլև՝ օտարերկրյա ներդրողների մասին է։ Այս պայմաններում մեր կառավարությունը պետք է փորձի բազմապատկել ջանքերը, որպեսզի Ռուսաստանից դեպի Հայաստան մտնող ներդրումները ոչ միայն չպակասեն, այլև՝ ավելանան։

- ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է Հայաստան-ի և ԱՄՆ–ի միջև կրկնակի հարկումը բացառող օրինագիծ: Եթե այն վավերացվի, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ ԱՄՆ-ից Հայաստան մտնելիք ապրանքները կէժանան:

- Հարկային բաղադրիչը միջազգային առևտրում ճիշտ է, որոշակի դեր խաղում է, սակայն դա ապրանքների գնագոյացման առաջնային կամ միակ գործոնը չէ։ Առավել կարևոր է, թե ինչ պայմաններում են արտադրվում և արտահանվում այդ ապրանքները։ Հիշյալ թեման շուրջ երկու տասնամյակ հայ-ամերիկյան տնտեսական և միջկառավարական հարաբերությունների օրակարգում է, սակայն լուծումներ չեն տրվել։ 

Տվյալ դեպքում՝ ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկման բացառումը ավելի շուտ հավելյալ ազդակ կդառնա ներդրումների և արտահանումների ավելացման համար։  Բայց այդ դեպքում հայկական կապիտալը, որը զետեղվում է ԱՄՆ տնտեսության մեջ, պետք է ունենա օրինական ծագումնաբանություն, բացառի ապօրինի հարստացումը, հարկային ու վերահսկող մարմինների համար մշտապես լինի հասանելի, թափանցիկ։ Ինչ վերաբերում է Հայաստանում ներդրված ամերիկյան կապիտալին, ապա այն պետք է շարժի ու վերաներդրման հավասար պայմաններ ունենա, պետք է բացառվեն ներդրումների անօրինական «դաբրոներն» ու քրեական պատմությունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել