Որքանո՞վ է երաշխավորված հայ ուսանողը, որքա՞ն են նրա` հետագայում իր մասնագիտությամբ և ընդհանրապես աշխատելու շանսերը:

Բուհերի ղեկավարները հաճախ ամենայն հրճվանքով հայտարարում են, որ իրենց ղեկավարած ուսումնական հաստատության դռները տարեկան թակում են մի քանի հազար դիմորդներ, և միայն ամենաարժանավորներն են կարողանում ընդունվել (խելքի աշեցեք): Ամենասկզբից նշեմ, որ ամենևին էլ այդպես չէ, համալսարան ընդունված ուսանողներից շատերը չընդունվածների կեսի չափ անգամ չգիտեն, բայց դրանք գումարային հարցեր են, իսկ ես հեռու եմ հաշվապահությունից, անցնենք բուն թեմային:
Ամեն տարի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտում են հազարավոր շրջանավարտներ և... ողջու~յն քեզ, անգործություն: Ինչ խոսք, բոլորը չէ, որ լավ մասնագետներ են, բայց ցավալին հենց այն է, որ պետական կարգերի բերմամբ լավ մասնագետներն իրենց տեղը զիջում են գիտելիքով իրենց զիջողներին, իսկական մասնագետները մնում են առանց աշխատանքի կամ կատարում են այնպիսի աշխատանք, որն ինչ-որ տեղ նաև անպատվաբեր է բարձրակարգ մասնագետի համար, իսկ ուսանողական տարիներին ոչինչ չսովորած, հետևաբար ոչինչ չիմացող տհասներն աշխատում են այնտեղ, որտեղ ուզում են, որտեղ լավ է, որտեղ աշխատավարձը բարձր է: Հաճախ կարելի հանդիպել դեպքերի, երբ ուսանողական տարիներին ազնիվ արտագրությամբ զբաղված ու գնահատական մուրացող խոճկորի դեմքով մեկն արդեն դարձել է պարարտ խոզ և ղեկավարում է իրենից անհամեմատ խելացի ուսանողական ընկերոջը: Բժիշկը` տաքսու վարորդ, տնտեսագետը` բանվոր, բանասերը` վաճառող, ճարտարապետը` երթուղայինի վարորդ և հակառակը: 
Արդյունքում ի՞նչ է ստացվում` հսկայական գումարներով համեմված չորս անիմաստ տարի և վերջ:
Այս ծիծաղելի վիճակից դուրս գալու համար ավելի լավ չէ՞ վերանայել ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, լավ չէ՞ արդյոք ընդունել սակավաթիվ ուսանողների և որակ ապահովել, որն իր հերթին տեղից կշարժի պետության քնած տնտեսությունը: Երևում է` լավ չէ կամ պետք չէ կամ էլ ձեռնտու չէ:
Ստացվում է` կրթական ոլորտում միշտ չէ, որ շեշտը դրվում է ուսման մակարդակի վրա, այստեղ շեշտը տրամաբանական է, իսկ հեղինակն ըստ իր տրամաբանության` շեշտը դնում է մարդաքանակի և դրանից բխող հսկայական գումարների վրա:
Դե, արի ու զարգացի´ր, Հայաստա´ն:
Իսկ դու՝ կրթությո՛ւն, ննջիր խաղաղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել