Այսօրվա դպրոցականներից շատ եմ կտրվել: Տանը դպրոցական երեխա չկա, բարեկամներիս դպրոցական երեխաների հետ չեմ հասցնում շփվել: Դպրոցականների տեսնում եմ միայն փողոցում, ու անկեղծ ասած, նրանց պահվածքն ու արտաքինն ընդհանուր առմամբ այնքան էլ դուր չի գալիս ինձ: Միջին տարիքի դպրոցականի ու իմ միջեւ տարբերությունը մոտավերապես 7-8 տարի է, բայց խոստովանեմ, որ այսօրվա դպրոցականի ու իմ դպրոցական տարիների մեջ տարբերությունն անհամեմատ ավելի շատ է. տեմպն արագ է:
Այսօր մի teenager-ի հետ եմ ծանոթացել: Միասին ներկայացում դիտեցինք, խոսեցինք… Խելացի, զգայուն, նուրբ աղջիկ է, հետաքրքիր, կոլորիտով արտաքինով: Թատերական ինստիտուտի նախապատրաստական դասերին է գնում, ռեժիսուրա բաժինը: Ասում եմ` բա ո՞նց որոշեցիր ռեժիսուրա, դպրոցից ուղիղ թատերակա՞ն ես եկել: Ասում է` բայց ես դեռ դպրոցական եմ, հույս ունեմ, որ կընդունվեմ: Հա, հաստատ կընդունվես, անկեղծ համոզմունքով ասում եմ ես, դու դեռ դպրոցակա՞ն ես, ինչ լավ դպրոցական ես… J Հա, ասում է, ես փոքր եմ դեռJ
Պատմեց, որ սիրում է երաժշտություն, նկարչություն, պար, դերասականակ արվեստ ու այս ամենի սինթեզն իր համար ռեժիսուրան դարձավ…
Մի պահ հիշեցի ինձ ու իմ դասարանը տասներորդ դասարանում: Չէ, մենք էսքան հանգիստ, ինքնավստահ, կիրթ չէինք: Ինքն արդեն ինստիտուտի գրադարանից է օգտվում, բավականին էլ կարդում է իմիջայլոց, ներկայացումներ է դիտում, գիտի, թե ինչու է ընտրել իր ապագա մասնագիտությունը:
Այս դպրոցականները մեզնից շատ բան են տեսնում, նրանք ավելի շատ հնարավորություններ ունեն, ու այդպես ճիշտ է…  Շատ լավ դպրոցական էր, իսկական լուսավոր կետ….  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել