Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և «Ստալի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, որը նաև ուկրաինական թիմի ավագն է, ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է առաջնության 4-րդ տուրի` Լվովի «Կարպատների» հետ խաղը:

«Ստան» այդ խաղում 1:3 հաշվով պարտություն էր կրել, իսկ թիմի միակ գոլը 11-մետրանոցից կատարած գեղեցիկ «պանենկա» հարվածով հեղինակել էր հենց Մալաքյանը.

«Առաջին կեսն ավելի լավ ստացվեց: Մենք ագրեսիվ էինք խաղում, մեզ մոտ ստացվում էին հարձակողական գործողությունները: Իսկ երկրորդ կեսում չգիտեմ ... մի փոքր «նստեցինք»: Չպետք է այդպես լիներ:

Առաջին անգամ չէ, որ «պանենկա» ոճով գոլով խփեցի: Պարզապես այդպես որոշեցի: Վստահ էի, որ չեմ վրիպի:

Չնայած գրանցված արդյունքին` մեր խաղն այսօր ստացվեց: Լավ էինք գործում առջևում, պահեր ունեինք: Եթե խաղով նայենք, մենք ոչնչով չէինք զիջում մրցակցին, նույնիսկ որոշ առումներով գերազանցում էինք նրան: Պարզապես որոշ դրվագներում կենտրոնացման պակաս կար, ինչի պատճառով 3 գոլ բաց թողեցինք:

Ես ինքս էլ լավ պահ ունեցա առաջին կեսի վերջնամասում, երբ մեն մենակ դուրս եկա դարպասապահի դեմ, այդ դրվագում ոչ թե դարպասապահը լավ խաղաց, այլ ես` վատ»,- խոստովանել է Էդգար Մալաքյանը:

Հայ ֆուտբոլիստը նաև կարծիք է հայտնել, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել.

«Յուրաքանչյուր պարտություն մեծ հաղթանակների սկիզբն է: Իհարկե, միշտ հաճելի չէ, երբ պարտվում ես: Պետք է շարունակել աշխատել: Մենք ճիշտ ուղու վրա ենք: Մեր թիմում բոլոր ֆուտբոլիստները երիտասարդ են, նրանց լավ ապագա է սպասվում: Պարզապես պետք է ավելի լավ խաղալ, էլ ավելի մեծ փորձ ձեռք բերել և ոչ մի դեպքում չհանձնվել:

Մրցաշրջանի հաջող մեկնարկից հետո մեր ակումբի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: Փորձագետները դիտում են մեր խաղերը, վերլուծում են: Խաղերից առաջ մեզ լավ ուսումնասիրում են մրցակից թիմերը: Եթե նախկինում նրանք գուցե թերագնահատում էին մեզ, ապա հիմա յուրաքանչյուր նոր խաղի հետ ավելի դժվար է դառնում: Այնպես որ մենք խաղից խաղ պետք է ավելի լավը դառնանք և ապացուցենք, որ մենք ուժեղ թիմ ենք: Կարող եմ միայն խոստանալ, որ ոչ մի թիմի համար «Ստալի» հետ խաղերում հեշտ չի լինի»,- եզրափակել է իր խոսքը Էդգար Մալաքյանը:

Նշենք` Լվովի «Կարպատների» հետ անցկացրած խաղից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալը» նահանջել է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական:

Հիշեցնենք, որ «Ստալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 12-ին, իսկ մրցակիցը կլինի «Վորսկլան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել