Amerikayidzayn.com-ը գրում է․

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ջերմ դիմավորեց Ռեքս Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո, սակայն կառույցի բյուջեի կրճատումները, բազմաթիվ թափուր պաշտոններն ու խոսակցությունները փոփոխությունների մասին մտահոգիչ են դարձել 36 հազար աշխատակիցներ ունեցող մարմնի համար:

Թիլերսոնն իր հերթին արդարացնում է իր գործողությունները:

«Մարդիկ, ում հետ ես կապ եմ հաստատել, չափազանց ոգևորված են փոփոխություններով: Նրանք ոգևորված են այն փաստով, որ ի վերջո կկարողանան աջակցություն ստանալ շատ հարցերում, որոնք նրանց մտահոգում էին երկար տարիներ: Բոլորը սկսում են գիտակցել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության հիմնական առաքելությունն է ղեկավարել երկրի արտաքին քաղաքականությունը, պայմաններ ստեղծել ԱՄՆ-ի անվտանգության ուժեղացման և բարգավաճման համար: Դրան հասնելու ճանապարհին մենք պետք է աշխատենք ինչպես տանը, այնպես էլ արտասահմանում: Եվ այս առաքելությունը չի փոխվում»,- հայտարարել է Թիլերսոնը։

Սակայն պետքարտուղարության առաքելությունների մեջ ժողովրդավարության և արդարության քարոզչության մասին դրույթների բացակայությունը մտահոգում է նախկին պետքարտուղարության պաշտոնյաներին:

«Հնարավոր չէ տարանջատել ժողովրդավարությունն ու արդարությունը մեր արտաքին քաղաքականությունից: Մենք հիմնվում ենք այս սկզբունքների վրա: Դրանք դրված են մեր պետության, պետքարտուղարության և առաջին կառավարության հիմքում: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է անտեսել դրանք» ,- նշում է ԱՄՆ-ի նախկին դեսպան Լոռա Քենեդին:

Մեկ այլ զեկույց անդրադառնում է Թիլերսոնի մոտեցումներին Դաեշ-ի և Ռուսաստանի քարոզչությանը հակազդելու վերաբերյալ, մասնավորապես Գլոբալ ներգրավման կենտրոնի ֆինանսավորման կրճատման ուղղությամբ:

«Դաեշ-ի քարոզչության հակազդումը մեր առաջնահերթություններից է և պետք է մնա այդպիսին: Իսկ ռուսական ապատեղեկատվության հակազդումը միշտ էլ եղել է և բխում է մեր շահերից»,- ասում է Լոռա Քենեդին:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն արձագանքել է, որ Գլոբալ ներգրավման կենտրոնը շարունակում է իր աշխատանքը, իսկ պետքարտուղար Թիլերսոնը փորձում է ավելի արդյունավետ տնօրինել կառույցի ֆինանսական միջոցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել