Տղաս դեռ նորմալ խոսել չգիտի, բայց վերջերս հավեսով սկսել է տառերը սովորել։ Ա–ից մինչև Կ–ն արդեն գիտի։ :)))

Ուրեմն էստեղ ծանոթներից մեկը վաղուց տարբեր խաղալիքների հետ մեզ տվել էր ներդնովի անգլերեն տառերով տախտակ–փազլ, որի մեջ տառերի տեղերը փորագրված են, որպեսզի երեխան տառերը դնի իրենց տեղերը։ Մենք էլ վերջերս դա առաջին անգամ հանեցինք, տվեցինք տղայիս՝ զուտ որպես գունագեղ խաղալիք, նոր բան, որով մի որոշ ժամանակ կզբաղվի։ Որոշ տառեր ձեռքին տեսնելով՝ ամուսինս մի երկու անգամ իմիջիայլոց ասել էր էդ տառերի անունները, հետո նկատեցինք, որ Արեգը մտապահել է, ինքն էլ է ժամանակ առ ժամանակ կրկնում։ Իսկ մենք, ճիշտն ասած, հեչ մտադիր չէինք իրեն անգլերեն տառերը սովորեցնել, ու մտածեցինք՝ եթե յուրացնում է, ավելի լավ է՝ հայերեն տառերը սովորեցնենք։ Թող հայերենը լրիվ սովորի, ամրապնդվի, նոր անգլերենին կանցնենք։ Բայց դե ԱՄՆ–ում հայերեն տառերով նման խաղալիք ճարել, բնականաբար, չէինք կարող, ես էլ որոշեցի ինքս նմանատիպ բաներ սարքել։

Էստեղ շատ լայն կիրառություն ունի սպունգանման մի նյութ, անգլերեն՝ foam sheet, բարակ գունավոր սպունգանման «թղթեր» են, հատկապես շատ է օգտագործվում ձեռքի աշխատանքների համար։ Դրանցից վաղուց տարբեր գույների առած ունեի տանը, վերջերս էլ Արեգի համար տարբեր զրթիկներ էի սարքել՝ երկրաչափական պատկերներ, կենդանի–մենդանի և այլն։ Հիմա էլ քիչ–քիչ տառերն եմ սարքում՝ մի քանի օրը մեկ մի քանի տառ՝ տարբեր գույների, ամեն մեկը մոտավորապես տղայիս ափի չափ։ Էնքան էլ սիրում է. ամեն անգամ նոր տառեր տեսնելիս ահագին ուրախանում է ու երկար ժամանակ ձեռքում բռնած ման է գալիս՝ տառերի անունները կրկնելով, մեզ էլ ցույց տալով։ :)))

Էս նյութից սարքելու առավելությունն էն է, որ ստվարաթղթի պես հաստ է, բայց միաժամանակ փափուկ, էդ առումով երեխայի համար ձեռքում բռնելը երևի ավելի հավես է, հետն էլ առաձգականության շնորհիվ չի ճմրթվում կամ պատռվում, կարող է երկար ծառայել։ Իսկ տառերը սովորեցնելու էս մեթոդն էս տարիքում, փաստորեն, բավական արդյունավետ է։ Արժե կիրառել։ Ու ոչ միայն տառերը, մենք երկրաչափական պատկերներն ու մի շարք այլ հասկացություններ էլ ենք էդպես սովորել։ Հայաստանում էլ գուցե կա էդ foam sheet–ից, չգիտեմ, բայց եթե չլինի, ստվարաթղթից էլ կարելի է սարքել։ Երեխային գրավում ու հետաքրքրում է որպես խաղալիք, ու դա խթան է հանդիսանում, որ անունն էլ սովորի։ Կողքից էլ որ մի քիչ քաջալերում ես, ավելի պատրաստակամորեն է սովորում։ :)

Ի դեպ, պարզվեց, որ անգլերեն տառերի սովորելը հետաձգելու հարցում արդեն մի քիչ ուշացել ենք։ Էն օրը պատահաբար պարզեցինք, որ մարդն արդեն անգլերեն տառերի մեծ մասը գիտի։ Թե ոնց է սովորել՝ չեմ հասկանում։ Ընդամենը թռուցիկ անունները մի երկու անգամ ասել էինք՝ առանց սովորեցնելու նպատակի։ Բայց արդեն պահել եմ անգլերեն տառերը, որ էլ չսովորի։ Մինչև հայերենի բոլոր տառերը լավ չիմանա, անգլերենի հետ թող գործ չունենա, որ չխառնի իրար։


Էս էլ մեր տառերը.



















Ի դեպ, սրանցից համարյա բոլորը սարքել եմ, այսպես ասած, դաժան աշխատանքային պայմաններում. :D մի կողմից նկարում, կտրտում էի, մյուս կողմից տղաս անընդհատ ձեռքս քաշքշում էր, որ սարքածս վերցնի, չէր համբերում։ Այսինքն՝ ինչի՞ մյուս կողմից, հենց նույն կողմից էլ քաշքշում էր։ :D

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել