Armsport.am-ը գրում է.
Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 23-ամյա ռուսաստանցի պաշտպան Մատվեյ Գույգանովի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մատվեյ Գույգանովը «Բանանցի» հետ էր գտնվում ամառային նախապատրաստական շրջանի ողջ ընթացքում և մասնակցել է ստուգողական հանդիպումներին:
Պատանեկան տարիքում Գույգանովը հանդես է եկել ուկրաինական թիմերում՝ Դոնեցկի «Մետալուրգում», Դոնեցկի «Շախտյորում» և «Սևաստոպոլում:
Հետո նա հանդես է եկել ռուսական «Մորդովիայի» և «Սատուրնի» երկրորդ թիմերում: Վերջին տարիներին խաղացել է «Սևաստոպոլ» և «Սիմֆերոպոլ» թիմերում:
«Շատ ուրախ եմ այս տեղափոխության կապակցությամբ: Հուսով եմ՝ լավ ելույթ կունենանք այս մրցաշրջանում, թիմը և կոլեկտիվը շատ լավն են ու մարտունակ: Հոսով եմ, որ ամենաբարձր տեղերում կլինենք առաջնությունում»,- նշել է երիտասարդ ֆուտբոլիստը:
«Մատվեյ Գույգանովը դեռ մայիսին էր փորձաշրջան անցել մեզ մոտ և հասկացանք, որ լավ որակներ ունի կենտրոնական պաշտպանի համար: Նա մտածող ֆուտբոլիստ է, գնդակով էլ շատ լավ է գործում: Նա կարող է խաղալ նաև որպես հենակետային կիսապաշտպան, բայց մենք իրեն դիտարկում ենք աջ կենտրոնական պաշտպանի դիրքում, կարող է խաղալ նաև որպես աջ պաշտպան:
Գույգանովը պաշտպանությունում ունիվերսալ խաղացող է և կարող է խաղալ պաշտպանության 3-4 դիրքում: Ամենակարևորն այն է, որ նա երիտասարդ է և ինձ համար շատ գովելի է, որ նա մեծ ցանկություն ունի իրեն դրսևորելու համար, իսկ Հայաստանը նրա համար լավ հնարավորություն է»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: