Շարունակում ենք գրել 20-րդ դարի ամենադաժան բռնապետերի մասին: Նախորդ հոդվածում խոսվեց Ավգուստո Պինոչետի մասին, այս անգամ կխոսենք Հարավային Ամերիկայի մեկ այլ ռազմական բռնապետ Խորխե Վիդելայի մասին:

Խորխե Վիդելան ծնվել է 1925թ. օգոստոսի 2-ին արգենտինական Մերսեդես քաղաքում՝ զինվորական Ռաֆայել Վիդելայի ընտանիքում: 1944թ. ավարտել է Ազգային զինվորական քոլեջը: 1940-ականներից սկսած դասավանդել է զինվորական քոլեջում: Զուգահեռաբար Վիդելան բարձրացել է զինվորական հիերարխիայում: 1945թ. լեյտենանտ էր, հետագայում դարձել է ավագ լեյտենանտ, իսկ 1952 թվականին 27 տարեկան հասակում՝ կապիտան:

1950-ականներին Արգենտինայում դժգոհության ալիք էր բարձրացել Խուան Պերոնի ֆաշիստական ռեժիմի նկատմամբ: 1955թ. Վիդելան գործուն մասնակցություն է ունեցել Պերոնի դեմ կազմակերպված հեղաշրջման ընթացքում: Արդյունքում Պերոնը փախել է Իսպանիա:

1958 թվականին Վիդելան արդեն մայոր էր: 1970 թվականին զենքի ուժով ճնշեց Տուկումանայում սկիզբ առած հուզումները: 1971թ. դարձավ բրիգադային գեներալ, իսկ 1973-ին՝ ցամաքային զորքերի շտաբի ղեկավար: 1970-ականներին Պերոնը վերադաձավ Արգենտինա և հաղթեց նախագահական ընտրություններում, սակայն չորս տարի անց՝ 1974 թվականին, մահացավ: Իշխանությունը փոխանցվեց վերջինիս կնոջը՝ Իզաբելա Պերոնին: Երկրում տնտեսական ճգնաժամ էր սկիզբ առել, որն առիթ էր դարձել ժողովրդական հուզումների: Իզաբելան ստիպված էր իշխանությունը պահպանելու համար դիմել ուժայինների օգնությանը: Հենց այդ ժամանակ Վիդելան նշանակվեց ցամաքային զորքերի գերագույն հրամանատար: Հետագայում Վիդելան իր խոսքերում նշել էր. «շատ մարդիկ պետք է մահանան, որպեսզի Արգենտինայում կրկին հանգիստ և անվտանգություն տիրի»:

Հասկանալով, որ իշխանությունը բավականին թույլ է՝ Վիդելան կազմավորեց սեփական թիմը՝ ադմիրալ Էմիլիո Մասերայի, Արգենտինայի զինուժի գեներալ Օրլանդո Ագոստիի մասնակցությամբ:

Այս «Եռյակը» 1976թ. մարտ ամսին ռազմական հեղաշրջում իրականացրեց, որի արդյունքում Վիդելան դարձավ նախագահ: 1976թ. մարտի 24-ին գիշերը 01:00-ին նախագահ Իզաբելա Պերոնը ձերբակալվեց և ուղղաթիռով ուղարկվեց Էլ Մեսիդորում գտնվող նստավայր: Միևնույն ժամանակ զինվորականները գրավեցին ռադիոկայանները: Ռադիոհաղորդումները փոխարինվեցին զինվորական շքերթների հեռարձակումներով և որոշ ժամանակ անց հայտարարվեց, որ երկրում իշխանությունն այլևս գտնվում է զինվորականության ձեռքում: Քաղաքացիներին կոչ արվեց հետևել զինվորականության ցուցումներին և ենթարկվել:

Ինչպես զենքի ուժով իշխանության եկած ցանկացած բռնապետ, այնպես էլ Վիդելան շռայլ խոստումներ էր տալիս հանրությանը, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեին: Վիդելան հայտարարեց «Ազգային վերածննդի» ծրագիր իրականացնելու մասին: Այս ծրագրի մասին խոսելիս Վիդելան նշում էր, որ զինված ուժերի գործունեությունը պետք է համեմված լինի խորն ազգային ոգով և պետք է գործի ազգի սրբագույն շահերի համար: Իրականում, այս լոզունգը քողարկված քաղաքական տեռորի մեկնարկի ազդանշան էր: Շուտով պարզ դարձավ, որ «Ազգային վերածննդի» քաղաքականությունը, ոչ ավել ոչ պակաս, խորհրդարանն արձակելը, երկրում արտակարգ դրություն հայտարարելն և գրաքննություն մտցնելն էր:

Իշխանությունը լիովին անցավ ռազմական խունտայի ձեռքը: Դատարանները փակվեցին, իսկ արհմիություններն և կուսակցություները հայտարարվեցին օրենքից դուրս: Ժամանակակիցները նշում էին, որ գործադուլները և ցույցերն արգելված են: Ցուցարարները հայտարարվում էին տեռորիստներ: Իշխանությունը նրանց հալածելու համար կազմում էր «Մահվան էսկադրոններ»: Այդ խմբավորումներն ընդդիմադիրների սարսափն էին: Նրանք գիշերով գողանում էին մարդկանց: Գործում էին ընդդիմադիրների համար նախատեսված «գաղտնի բանտեր» և ճամբարներ: Գործում էր նաև մահապատիժների յուրօրինակ մի մեխանիզմ, որը կոչվում էր «Մահվան թռիչք»: Այդ պատիժը մարդիկ կրում էին ինքնաթիռից Ատլանտյան օվկիանոս նետվելով:

Արտաքին քաղաքականության համատեքստում ռազմական խունտան լրջագույն խնդիրներ ուներ Չիլիի հետ: Վիդելան չէր կարողացել չիլիացիների հետ համաձայնության գալ 3 կղզիների շուրջ: 1978թ. Վիդելան ռազմական գործողություններ սկսեց, սակայն շատ շուտով Հռոմի պապի միջամտությունից հետո ստիպված դադարեցրեց դրանք՝ պարտավորվելով հարգել Չիլիի ամբողջականությունը: Այդ ժամանակ միջազգային հանրությունը, ԱՄՆ-ը երկրում տիրող իրավիճակի համար խիստ քննադատության ենթարկեցին Վիդելային: Նախագահ Քարտերն անձամբ էր քննադատում արգենտինական բռնապետին:

Միևնույն ժամանակ երկրում իրավիճակը շարունակում էր վատանալ: Քաղաքական տեռորն ավելի ահագնացող չափեր էր ստանում: Վիդելայի ռեժիմը սկզբնական շրջանում փորձում էր տնտեսական բարեփոխումներ իրականացնել: Խոսքը վերաբերում էր տնտեսության ազատականացմանը: Իրականում, ռազմական խունտայի պայմաններում դա չէր կարող ցանկալի արդյունք ապահովել, քանի որ ծաղկում էր ապրում կոռուպցիան:

1979թ. երկրում սրվեց տնտեսական վիճակը: Իշխող վերնախավը թաղված էր կոռուպցիայի մեջ, իսկ բնակչության զգալի մասը դատապարտված էր աղքատության: Ռազմական խունտայի թիրախում ոչ միայն ընդդիմադիրներն էին, այլև մտավորականները: Արգելված գրականության ցանկին էին դասվում այնպիսի գործիչների ստեղծագործությունները, ինչպիսիք էին Գաբրիել Գարսիա Մարկեսը, Պաբլո Ներուդան, Օսվալդո Բայերը:

Ժամանակակիցների վկայությամբ՝ բանտերում հղի կանանց ստիպում էին ծննդաբերել, իսկ ծննդաբերությունից հետո գնդակահարվում էին: Ծնված երեխաներին էլ որդեգրման էին հանձնում այլ ընտանիքների: Ընդհանրապես, Վիդելայի ռազմական խունտան իր բնույթով նման էր Պինոչետի ռազմական իշխանությանը: Այնուամենայանիվ խունտային իշխանության ժամանակը մոտենում էր իր ավարտին: Երկրում սկիզբ էին առել լայնամասշտաբ ընդվզումները: Այդ շրջանում անգամ ռազմական խունտայի ներկայացուցիչներն էին հասկանում, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է: 1981թ. իշխանության ներսի մարմինները ստիպեցին Վիդելային հրաժարական տալ: Ռազմական խունտան վերջնականապես վերացավ 1983 թվականին, երբ Արգենտինան պարտություն կրեց Ֆոլքլենդյան կղզիների համար Մեծ Բրիտանիայի հետ մղած կարճատև պատերազմում: 1982թ. ապրիլի 2-ին արգենտինական զորքը մտավ Ֆոլքլենդյան կղզիներ: Նախագահի աթոռը զբաղեցնող գեներալ Լեոպոլդ Գալտերյերիին անհրաժեշտ էր շահել ժողովրդական վստահությունը: Ֆոլքլենդյան կղզիներ ներխուժումը կոնֆրոնտացիա առաջացրեց Մեծ Բրիտանիայի հետ և ավարտվեց Արգենտինայի խայտառակ պարտությամբ: 1982թ. մայիսի 2-ին բրիտանացիները գրոհեցին Պորտ Ստենլին, և պտերազմը սկսվեց:

Ընդհանուր առմամբ, մարտերը եղել են օդում, ջրում և ցամաքում: Պատերազմն ավարտվել է 1982թ. հունիսի 20-ին: 1983թ. հոկտեմբերին տեղի է ունեցել ազատ, արդար ընտրություններ: Իշխանության է եկել «Քաղաքացիական կառավարությունը»՝ Ռաուլ Ալֆոնսինի գլխավորությամբ: Հետագայում խունտայի հեռանալուց հետո՝ 1984 թվականին, Արգենտինան պայմանագիր է կնքել Չիլիի հետ: Երկրում ժողովրդավարություն հաստատելուց հետո խունտայի շատ ներկայացուցիչներ հայտնվել են բանտերում:

Անձամբ բռնապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: 1985թ. նա ցմահ դատապարտվել է մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Հետագայում 1990թ. նախագահ Կարլոս Մենեմը, վախենալով զինվորականության շրջանում հուզումներից, ներում է շնորհել ռազմական խունտայի ներկայացուցիչներին: Դա էլ երկիրը կանգնեցրել է հերթական հուզումների շեմին: Շուրջ 50 հազար մարդ դուրս է եկել փողոցներ ընդդեմ այդ որոշման: Վիդելան հայտնվել է տնային կալանքի տակ: 2003թ. նախագահ Նեստոր Քիրշները հայտարարել է, որ Վիդելան ապօրինի միջոցներով է նախագահ դարձել: 2006թ. Վիդելայի նկատմամբ հայտարարված ներումը չեղարկվել է: 2010թ. Վիդելան կրկին ցմահ ազատազրկման է դատապարտվել:

2013թ. մայիսի 17-ին 20-րդ դարի Արգենտինայի վերջին բռնապետը կնքել է իր մահկանացուն: Տարբեր տվյալներով՝ Վիդելայի ռեժիմի զոհ է դարձել շուրջ 30 հազար մարդ: Շուրջ 500 հազար Արգենտինացի ստիպված է եղել լքել երկիրը: Մի քանի հատկանշական փաստ ևս. իշխող «Եռյակից» ամենադաժանն Էմիլիո Մասերան էր, ով անձամբ էր ղեկավարում խոշտանգումների գործընթացը: Դատական գործընթացների բերումով պարզվել է, որ Վիդելայի իշխանության տարիներին քաղբանտարկյալներից հարյուրավոր երեխաներ խլվել և տրվել են այլ ընտանիքների: Այդ համատեքստում ստեղծվել է «Մայիսյան հրապարակի մայրեր» նախաձեռնությունը, որի նպատակն էր պարզել տեռորի շրջանում իրենց կորած երեխաների գտնվելու վայրը: Նրանք յուրաքանչյուր չորեքշաբթի հավաքվում էին նախագահական նստավայրի դիմաց: Շուտով սկսեցին անհետանալ նաև նախաձեռնության անդամ մայրերը: Զինվորական Կամպո-Դե Մայո ռազմաբազան դարձել էր «գաղտնի բանտերի» կառուցման վայրը: Հենց վերոգրյալ բանտում է Վիդելան հետագայում անցկացրել իր կյանքի վերջին օրերը: Իր մոտ այցելած լրագրողներին տված հարցազրույցներում Վիդելան ամեն կերպ արդարացնում էր իր գործունեությունը. «Այդ 7-8 հազար մարդը պետք է մահանային: Այլ տարբերակ չկար: Միայն այդ գնով էր հնարավոր հաղթանակ տոնել երկրում քայքայիչ գործընթացների դեմ մղվող պատերազմում»: «Որպեսզի խուսափենք ցույցերից մեք որոշեցինք, որ ռեժիմին խանգարող մարդիկ պետք է «անհետանան»: Յուրաքանչյուր «անհետացում» միանգամայնորեն նշանակում էր մահ»:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել