Այսօր Վրաստանում մեկնարկում է ՆԱՏՕ-ի զորավարժությունը, որին մասնակցում է նաև Հայաստանը։ Զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմական օդանավակայանում, բուն վարժությունները սկսվելու են հուլիսի 31-ից:

Բացմանը ներկա են գտնվել Վրաստանի քաղաքական իշխանությունները, երկրի նախագահն ու վարչապետը, ինչպես նաև ԱՄՆ դեսպանը Վրաստանում՝ Յան Քելլին։ Վերջինս նշել է, որ այդ զորավարժություններն ուղղված չեն ինչ-որ մեկի դեմ տարածաշրջանում, այլ նպատակ ունեն բարձրացնելու վրացական զորքերի մարտունակությունը ոչ միայն ռազմական, այլև խաղարար, մասնավորապես՝ Աղվանստանում ծավալվող խաղաղարար գործունեությանը։ Պարզ է, թե ում նկատի ունի դեսպանը, որովհետև տարածաշրջանում Վրաստանն այս պահին խնդիրներ ունի միայն Ռուսաստանի հետ Աբխազիայի ու Օսեթիայի հարցով։ Բացի այդ՝ վերջերս այդ հարաբերությունները կտրուկ լարվել են, որովհետև ռուսների տիրապետության տակ է անցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մի մասը, որն անցնում է հենց Աբխազիայով։ Սա հերթական անգամ սրել է ռուս-վրացական հարաբերությունները, ինչն էլ կրկին առիթ է դարձել հարաբերությունների լարվածության համար։

Հայաստանի մասնակցությունն այս զորավարժություններին, իհարկե, Ռուսաստանին այնքան էլ դուր չի գա, մանավանդ եթե հաշվի առնենք, որ մեր երկիրը գտնվում է մեկ այլ ռազմական միության՝ ՀԱՊԿ կազմում, որը ստեղծվել է, ինչպես գիտենք, ի հակադրումն ՆԱՏՕ-ի։ Իհարկե, ոչ ֆորմալ առումով։ Մի կողմից պետք է ողջունել հայկական կողմի կամքն ու մասնակցությունը, մյուս կողմից, իհարկե, շատ կարևոր է այս ռազմաքաղաքական իրավիճակում չընկնել գերտերությունների ու նրանց ազդեցության տակ գտնվող պետությունների ազդեցության տակ ու չդառնալ հակամարտող կողմ։ Առայժմ այդ ամենը հաջողվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել