Ասում են՝ ձյունը մաքրում է մարդկանց կեղտոտված հոգիները։ Իմ քաղաքում տարին երկու շաբաթ է ձյուն գալիս։ Ու չի հասցնում կատարել իր գործը։
Սանիտարկա Թաքուշի տված քնաբերը չխմեցի։ Այսօր քնել չի կարելի, այսօր ձյուն է գալու։ 
Հիվանդասենյակի ճաղապատ պատուհաններից այն կողմ մութ ու գորշ երկինքն էր։ Ամիսներ շարունակ այս նույն երկինքն էր ու էդ գորշության վրա պարբերաբար արտատպվող «ամենահարազատ» դեմքերը՝ կնոջս, արդեն չափահաս դարձած ու անկախ կյանքով ապրող միակ դստերս ու չգիտես որտեղից հայտնված կնոջս հոր հորեղբոր տղայի։ 
Հոգեբուժարանում հայտնվեցի նաև սեփական կամքով։ Տնից էի ուզում փախչել։ Բայց տանեցիներն էլ դրան դեմ չէին։ Հատկապես իբր հոր հորեղբոր տղան։ Համոզում էին, որ կհանգստանամ, նաև կբուժվեմ, ի վերջո բազմաթիվ հայտնի մարդիկ են հոգեկան խնդիրներ ունեցել։ Ես հո գիտեի, որ հոգեկան հիվանդ չեմ։ Բայց հեռանալ էի ուզում։ Կնոջս համար վաղուց էի անտանելի դարձել։ Չէր հանդուրժում արտաբերածս որևէ բառն անգամ։ Ապա նաև լռությունս։ Ամեն ինչ կարծես սկսվեց նկարներիս վատ վաճառվելուց և նրա պաշտոնի բարձրացումից հետո։ Ինչ-որ անհասկանալի բան է այդ պաշտոնը։ Ու չնայած ես իմ նկարների վաճառքից առաջացած գումարով դեռ հասցնում էի հոգալ տան հոգսերը, բայց, ի վերջո, ես մի սովորական վերնիսաժյան նկարիչ էի, գուցե մի փոքր նաև շնորհալի, բայց ոչ երբեք այսինչ վարչության այնինչ պետի տեղակալի օգնականը։ Երեք ցուցահանդեսներս, մեղմ ասած, հաջողությամբ էին անցել, բայց լուրջ արվեստանոցի ու անհրաժեշտ կապերի բացակայությունը ստիպում էին նկարել «Արարատն» ու վաճառել «Հայաստանին համար 10 դոլար էլ կուտամ» գաղափարախոսությունը կրող իմ որոշ սփյուռքահայ բարեկամներին։
Դեռ ստացվում էր վաճառել։ Չգիտեմ՝ ինչու էին այդ նկարներն այդքան պահանջված։
Իսկ դստերս համար ես ընդամենը դրամապանակ էի։ Չէի զարմանա, եթե մի օր «պապ, փող կտա՞ս»-ի փոխարեն նրանից լսեի «Քեզ սիրում եմ, երբ լիքն ես, դրամապանակս»։ Ու էսպես լուռ ու մունջ քարշ էի գալիս, մինչ կնոջս հոր հորեղբոր տղայի հայտնվելը։ Ամուսնությունիցս առաջ չէի էլ լսել նրա գոյության մասին։ Տարօրինակ էր։ Նա հայտնվել էր այն նույն քաղաքից, որտեղ տարիներ առաջ սովորել էր կինս։ Այնքան հիմար չէի, որ չնկատեի նրա ընգծված «եղբայրական» սերն ու քրոջ պատասխան ջերմությունը։ Բայց ես սովորել էի լռել։ Լռել ու սպասել առատ ձյան գալստյանը։
ԱՅԴ ՏԱՐԻ ՁՄԵՌՆ ԱՆՁՅՈՒՆ ՍՏԱՑՎԵՑ։
Գարնան վերջում դուստրս հայտարարեց, որ հեռանում է։ Հոգնել էր իր պահանջները չբավարարող դրամապանակ հոր դատարկությունից։ Ասաց, որ տեղափոխվում է ընկերուհու տուն։ Հիմա երևի ընկերուհի են անվանում հայտնի այն գործարարին, որի վերջին երկու տարվա ռեֆերենտ-օգնականը հենց իմ դուստրն էր։ Ընդդիմանալու փորձերս անիմաստ էին։ Ու մայրն էլ դեմ չէր։
Փոքրիկ բնակարանը, որտեղ մնացինք ապրելու երեքով՝ անսահման երջանկացած կնոջս ու սիրելի հոր հորեղբոր տղայի հետ, ժառանգել էի տատիցս։ Նկարում էի արվեստանոց դարձած նկուղում։ Վերջին շրջանում այնտեղ էլ քնում էի։ Վերևից լսվող քրքիջները, դրան հաջորդող փսփսոցն ու այնքան տարօրինակ լռությունն անտանելի էին դարձել։ 
Հոր հորեղբոր տղան քաղաք էր եկել ինչ-որ մեծ գործ ձեռնարկելու համար։ Փաստաթղթերի ձևակերպումը ձգձգվում էր։ Գործընթացն արագացնելու համար գումար էր անհրաժեշտ։ Տարօրինակ զուգադիպությամբ մոտ այնքան, որքան արժեր իմ փոքրիկ խրճիթը։ 
Ու սկսվեց։ Չգիտես ինչու, հարազատներս ինձ մոտ հանկարծահաս գունաթափություն ու նյարդայնություն նկատեցին (տեսնես ինչո՞ւ ես ինքս դա չէի նկատում, չգիտեմ)։ Գիշերները նկարելու տարիների սովորույթս վերագրեցին քրոնիկ անքնությանն, ու ամեն օր ժամը 22-ին ես պարտավոր էի ընդունել այնքան անհրաժեշտ քնաբերը։ «Թքած փողի վրա։ Թքած, որ «Արարատի» չորս պատվեր ունես։ Առողջությունից կարևոր ոչինչ չկա»։ Այսպիսի հոգատար հարազատներ չեմ ցանկանա որևէ մեկիդ։ Որ սրանց մտքինը բնավ իմ առողջությունը չէր, պարզ էր հենց առաջին օրվանից։ Բայց չկատարել հարազատներիս պահանջները ուղղակի ուժ չունեի։ Դուք գիտե՞ք՝ ինչ է նշանակում հոգնածություն և կատարյալ անտարբերություն։ Այ ես հենց այդ հոգնած ու անտարբեր մարդն էի։ Իսկ հույսս դրել էի Աստծո և ձյան վրա։ 
Ձյունն ուշանում էր։ 
Փոխարենը եկան խալաթավոր բժիշկները։ Հոր հորեղբոր տղայի առանձնազրույցը բժիշկների հետ ինձ հետաքրքիր չէր։ Հիվանդանոց տեղափոխվելու առաջարկն ընդունեցի գրեթե հաճույքով։ Հոգեբուժարանում չէի լսելու այդքան զզվելի դարձած քրքիջներն ու փսփսոցները։
Պալատակիցներս՝ անմեղսունակ Անտոնիոսը և թմրամոլությունից բուժվել փորձող Մանուկը, բարի մարդիկ էին։ Մանուկը ծխախոտ հայթայթելու մեծ մասնագետ էր, և մեր ամենամեծ առավելությունը մյուս հիվանդների նկատմամբ ֆիլտրով սիգարետի մեծ պաշարն էր։ 
Հոգատար հարազատներիս անհետացումը տարօրիանակ էր Մանուկի, բայց ոչ ինձ համար։ Վերջինս «տղավարի» խոստացավ դուրս գրվելուց հետո անպայման գտնել նրանց ու մի լավ ամոթանք տալ։ Դե իսկ Անտոնիոսը միայն ժպտում էր։ Այդ մարդուկը, կարծես, քթի տակ ծիծաղում էր ինձ վրա։
Մանուկի դուրս գրվելուց երկու օր հետո նրանից ստացած նամակի բովանդակությունն անսպասելի չէր. «Նկարիչ ախպեր, քո ասած հասցեում ուրիշ մարդիկ են ապրում»։ Պիտի զարմանայի՞։ Ես վաղուց գիտեի այս պատմության ավարտը։ Հիմա միայն ձյան գալստյանն էի սպասում։ 
Սանիտարկա Թաքուշի խռմփոցը լսվում էր միջանցքի ծայրից։ 
Անտոնիոսը, ժպիտը դեմքին, անմեղ քնած էր ու հավանաբար երազում իր Կլեոպատրային էր տեսնում... 
Ու մեկ էլ ապակին սկսեց տեղ-տեղ պատվել ձյան թաց փաթիլներով։ Վեր թռա։ Պատուհանից այն կողմ ձյուն էր գալիս։ Որքան էի ես սպասել նրան։ Բարձիս տակից հանեցի տարիներից ճմրթված ու դեղնած թղթի կտորը։

Փողոցը լուռ է, քաղաքը քնած,
Չկա ոչ մի ձայն ու ոչ մի շշուկ,
Միայն ծառերն են զրուցում կանգնած
Ու ձյուն է գալիս՝ սպիտակ ու փուփուկ։
Ծածկում է ձյունը տանիքները հին,
Փողոցն է ծածկում վերմակով ահա,
Իջնում է ձյունը երկնքից մթին,
եվ այնքան կամաց, որ մարդ չարթնանա։
Ամբողջ քաղաքը սպիտակ է հագել,
Ու անդորրը այս շատ է հաճելի,
Քնած են ամենքը՝ թե՛ ծեր, թե՛ ջահել,
Քաղաքն այս դարձել է անճանաչելի։
Դանդաղ, անաղմուկ, մեղմ ձյուն է գալիս…
Ու նստում մարդկանց անգութ սրտերին,
Ու նստում մարդկանց նենգ հոգիներին։
Ձյուն, զուր ես գալիս...

Ճաշարանից նախապես թռցրած ու արդեն ածելու պես սուր գդալի պոչը սահեց զարկերակիս վրայով։ 
Ճմրթված ու դեղնած թուղթը կարմրեց։
Մշուշվող հայացքիս առաջ Անտոնիոսի ժպտացող աչքերն էին։
Երանի քեզ, Անտոնիոս…

Պ.Ս. 15.09.2013
#Քաղաքը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել