Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ի պատասխան Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի հետ կապված միջադեպի, Վաշինգտոնից պահանջել է հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից՝ տարածաշրջանում միջազգային նավարկության անվտանգության պահպանման համար: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:

«Եթե ամերիկացիները ցանկանում են, որ այս տարածաշրջանը լինի ավելի կայուն, իսկ հանգուցային ջրային ճանապարհները՝ անվտանգ, խաղաղության համար նրանք պետք է դադարեցնեն այդ (թշնամական) գործողությունները»,- ասել է նա:

Ռուհանին ընդգծել է, որ ԱՄՆ-ն 40 տարվա ընթացքում ճնշում է գործադրել, բոյկոտել, սադրանքներ սարքել Իրանի նկատմամբ, ինչպես նաև տարածաշրջանի որոշ երկրների մոբիլիզացրել հանրապետության դեմ, բայց պարտություն է կրել:

Հուլիսի 25-ին Պարսից ծոցի հյուսիսի միջազգային ջրերում տեղի է ունեցել միջադեպ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի և Իսլամական հեղափոխության պահակազորի պարեկային մոտորանավակի մասնակցությամբ: Իրանցի զինվորականների խոսքով՝ ամերիկյան մարտանավն իրանական նավի ուղղությամբ երկու կրակոց է արձակել օդ՝ «սադրանքի և ահաբեկման նպատակով»:

ԱՄՆ-ում պնդում են, թե իրանական նավի անձնակազմը խախտել է ծովում բախումների նախազգուշացման միջազգային կանոնները, երբ հուլիսի 25-ին Պարսից ծոցում վտանգավոր մոտեցման է գնացել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել