«Արմենիա Պրեմիումի» եթերում աշնանը կմեկնարկի «ArmStar»-ի և «Ucom» ընկերության նոր նախագիծը` «Նվագախմբի երեխաները»։ Մկրտիչ Արզումանյանի որդին՝ Ալեքսանդրը, իր ամառային արձակուրդներն անցկացնում է «Նվագախմբի երեխաներ»-ի նկարահանման հրապարակում: BlogNews.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է հայտնվել նախագծում, ինչպես նաև մանրամասներ է պատմել իր դերի մասին:
«Երբ նախագծի մասին իմացա, եկա և մասնակցեցի քասթինգի: Կլարնետ նվագող աշակերտի դերում եմ. առաջինը ինձ հետաքրքրեց հենց այն, որ պետք է կլարնետ նվագեմ: Ես երաժշտական կրթություն չունեմ, բայց դերս լավ մարմնավորելու համար հատուկ դասերի եմ գնացել: Այս նախագծի շնոհիվ երաժշտության նկատմամբ հետաքրքրություն ձեռք բերեցի, հետագայում գուցե շարունակեմ զբաղվել երաժշտությամբ»,- անկեղծանում է Ալեքսանդրը։
Նվագախմբի երեխաները Ալեքսանդրի դերասանական առաջին փորձն է, և ինչպես նա է խոստովանում, հաճույքով է գնում նկարահանումներին. «Այս նախագծում շատ ընկերներ եմ ձեռք բերել, հետագայում էլ շատ կուզեմ ուրիշ նախագծերում նկարահանվել»:
Զրույցի ժամանակ ներկա Մկրտիչ Արզումանյանն էլ անկեղծացավ, թե ինչպես է Ալեքսանդրը ոգևորությամբ գալիս նկարահանումների և ինչպես է տանն աշխատում սցենարի վրա. «Ես միայն սցենարն եմ օգնում, որ յուրացնի: Շատ բան չեմ ասում, քանի որ կա ռեժիսոր, ով աշխատում է նրանց հետ, ու շատ հնարավոր է` այլ կերպ պատկերացնի տվյալ տեսարանը։ Նա շատ ուշադիր է և արագ է ըմբռնում ամեն ինչ»:
Դերասանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ հետաքրքրություն ունի որդին. «Նա շատ հետաքրքրասեր է և ամեն ինչի մասին ուզում է իմանալ: Նա ինքն իրեն առանձին ինչ–որ գովազդներ ու ֆիլմեր է նկարահանում ընկերների հետ։ Նկատել եմ, որ վերջերս КВН է դիտում, Stand up է շատ սիրում։ Նրան դուր է գալիս այս ոլորտը, քանի որ նա դրանով է հիմա ապրում։ Տղաս միշտ ներկա է իմ ներկայացումներին և հետևում է ինձ բեմից ու կուլիսներից: Չեմ կարող ասել, թե որ ոլորտը հետագայում կընտրի։ Ամենակարևորը՝ պետք է լինի աշխատասեր ու շատ կարդա»: