Մոտ մեկ շաբաթ առաջ, երբ Սլովենիայում ապրող մի մարդ իր երեխաների հետ «Գանձերի որս» խաղն էր խաղում, մետաղ որոնող սարքի միջոցով գյուղի եկեղեցու հարակից տարածքում հանկարծակի մի մեծ մետաղյա իր հայտնաբերեց։ Պարզվեց՝ այն բավականին հին պայթուցիկ է, որը տասնյակ տարիներ շարունակ մնացել էր հողի տակ։
Անմիջապես ոստիկանություն զանգահարելու փոխարեն նա որոշեց պայթուցիկն իր բեռնատար մեքենայով տեղափոխել տուն։ Միայն մեկ օր անց նա որոշեց լուրը հայտնել իշխանություններին։
Բարեբախտաբար, պայթուցիկը չէր պայթել, և ոչ ոք չէր տուժել, սակայն ժամանած ոստիկանները հայտնել են, որ ամեն ինչ կարող էր այլ լինել.
«Պայթուցիկն ուսումնասիրելուց հետո միայն կարելի է ասել, որ այս մարդն իսկապես շատ բախտավոր է։ Սա կարող էր շատ վատ ավարտ ունենալ։ Ընկնելուց հետո պայթուցիկը չէր պայթել, սակայն դրան անգամ թեթև հպվելը կարող էր ճակատագրական լինել»։
Պարզվել է, որ պայթուցիկը մոտավորապես 75 տարի առաջվա է և հավանաբար Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին է օգտագործվել։
Ահազանգից հետո ոստիկանները շտապ էվակուացրել են տարածքում գտնվող ավելի քան 400 մարդկանց։ Պայթուցիկը վնասազերծելուց հետո իշխանությունները դեռևս պետք է որոշեն՝ ինչպես վարվել այն գտած տղամարդու հետ, քանի որ անմիջապես պատկան մարմիններին տեղեկացնելու փոխարեն նա պայթուցիկը տեղափոխել էր մարդաշատ վայր՝ վտանգելով նրանց բոլորի կյանքը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ բացի տուգանքներից՝ նրան սպառնում է մինչև անգամ 5 տարվա ազատազրկում։



