Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում հուլիսի 31-ից կհեռարձակվի «Դեպի երազանք» 25 մասանոց հեռուստանովելը, որի մասին BlogNews.am-ն արդեն պատմել է: Հեռուստանովելում նկարահանվել են Քրիստինա Եղոյանը, Կարեն Ասլանյանը, Յուլիա Ֆինկը, Նարեկ Հայկազյանը, Գագիկ Մադոյանը, Լևս Դավթյանը, Շուշան Երիցյանը և առաջին անգամ նկարահանվել է Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Մարիան:
«Ես երբեք ցանկություն չեմ ունեցել իմ երեխաներին ինչ-որ տեղ նկարահանելու և ոչ էլ մտածել եմ դրա մասին: Ես արդեն մոտ քսան տարի է՝ հեռուստատեսության հետ կապ ունեմ, բայց երբեք նման միտք չի եղել, ասեմ ավելին՝ երեխաներս էլ չեն ուզել: «Դեպի երազանք» հեռուստանովելում եղավ հետևյալ իրավիճակը. պետք էր այդ տարիքի աղջիկ երեխա, և մեր նկարահանող անձնակազմն ասաց՝ Մարիային փորձենք: Ես երեխային բերել եմ քասթինգի և ամեն ինչ թողել նկարահանող խմբի վրա, ասացի՝ դուք ինքներդ ընտրեք»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Արմենը։
Մարիան դրական կերպարում է, նա գլխավոր հերոսի՝ Կարեն Ասլանյանի փոքրիկ քույրն է: Նա փոքր կապող օղակ է, ով նպասում է, որ գլխավոր հերոսները միասին լինեն: Չնայած նրա մոր կերպարում ներկայացող Յուլիա Ֆինկը մի քիչ բացասական կերպարում է, բայց Մարիան հաճախ շատ հարցերում չի համաձայնվում մայրիկի հետ:
Արմենը նշում է, որ Մարիան բավականին ոգևորված էր գնում նկարահանումների. «Նրան շատ դուր էր գալիս ամբողջ ընթացքը։ Ի դեպ, կային բավականին ծանր տեսարաններ, բայց երբեք չէր դժգոհում: Մարիան իր էությամբ բավականին հարմարավող երեխա է, և եթե նրան ինչ-որ բան դուր է գալիս, ապա սիրով է անում: Անգամ երբ նկարահանումներից հոգնած տուն էր վերադառնում, հարցնում էի՝ ինչպես անցավ, միշտ ուրախ էր պատասխանում։ Նա նկարահանման հրապարակում էլ բոլոր դերասաններից աշխույժ էր մնում մինչև վերջ: Մարիան անգամ տանը փորձում էր իր տեքստերը։ Մի օր եկավ, ասաց. «Կլինի՞ ես հիմա խաղամ, իսկ դու նայես»: Միայն մի անգամ եմ խորհուրդ տվել և ուղղորդել եմ։ Դա եղել է առաջին նկարահանման ժամանակ, երբ ամենաշատն էր մտածում՝ ինչպես կանցնի»:
Ի դեպ, Արմենը դստեր մասնակցությամբ կադրերն արդեն դիտել է, իսկ այն հարցին՝ ինչպես է գնահատում որպես պրոդյուսեր, նշում է. «Օրինակ, եթե ես պարզապես տեսնեի այդ երեխային ինչ-որ ֆիլմում, ինձ դա դուր կգար, բայց եթե ինձ դուր չգար, առաջին նկարահանումից հետո պարզապես կդադարեցնեի նրա նկարահանումը և չէի թողնի՝ հետագայում նկարահանվեր»:
Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են, և ինչպես Արմենն է նշում, դուստրը հիմա սպասում է եթերին. «Նա ոչինչ չի տեսել, հիմա սպասում է՝ տեսնի, թե եթերում ինչպիսին է»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի