Հայաստանյան արվեստասեր հասարակության համար երկար սպասված, աննախադեպ «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն արդեն իրականություն է: Այսօր առավոտյան այս նախագծի համար խորհրդանշական համարվող «Երևան Գրանդ հոթել» հյուրանոցում կազմակերպված ասուլիսի ժամանակ ազդարարվեց առաջին հայկական տրիենալեի մեկնարկը, որը կտևի սույն թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսներն ու կներառի բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Ասուլիսին ներկա ԱՀԽ նախագահ Վարդան Կարապետյանը,  միջոցառման հայեցակարգի հեղինակ ու համադրող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը, գործընկեր համահամադրող Ռուբեն Արևշատյանն ու մյուս բանախոսները ներկաներին պատմեցին  «Ստանդարտի» ստեղծման պատմությունն ու հակիրճ ներկայացրին կատարված աշխատանքների ծավալներն ու նախագծի նպատակները:

Տրիենալեի կազմակերպիչն է Արվեստների հայկական խորհուրդը, գործընկերներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արվեստը հանուն աշխարհի» կազմակերպությունը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը՝ ի դեմս դեսպան Լուկաս Գասսերի, ով ևս ներկա էր ասուլիսին:


«Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն շրջիկ ցուցահանդես է, որը ներգրավում է արվեստագետների լայն շրջանակ՝ նրանց ընձեռելով փոխգործակցության ու միմյանց հաղորդակից լինելու մեծ հնարավորություններ: Արվեստների հայկական խորհրդի ղեկավարությունը «Ստանդարտ» առաջին տրիենալեի համար գլխավոր համադրող է ընտրել Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, ով 2015 թվականին Վենետիկի 56-րդ բիենալեում «Ոսկե առյուծ» մրցանակը նվաճած հայկական տաղավարի համադրողն է։ Հիշեցնենք, որ Հայաստանն այդ տարի ներկայացված էր «Հայություն» (Armenity) խորագրով ցուցադրությամբ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ֆրանսիացի սյուրռեալիստ գրող և բանաստեղծ Ռընո Դոմալի «Անալոգ լեռը» անավարտ վեպից  ոգեշնչված՝ «Ստանդարտը» կանցկացվի Արարատ լեռան հովանու ներքո զետեղված Հայաստան աշխարհի պատմամշակութային տարբեր վայրերում։ «Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեի շրջանակներում մեր երկրում կկազմակերպվեն ժամանակակից արվեստի մի շարք ցուցահանդեսներ, ինչպես նաև հյուրընկալվող և հայաստանաբնակ արվեստագետների միջև հանդիպումներ և համագործակցություններ, տեղային աշխատանքներ ու կատարումներ։Տրիենալեի անվանումը ներշնչված է 1924 թ.-ին տպագրվող «Ստանդարտ» հայկական ավանգարդ պարբերականի անունից,  որը 1924-ին Մոսկվայում հրատարակել են բանաստեղծ Եղիշե Չարենցն ու ճարտարապետներ Կարո Հալաբյանը և Միքայել Մազմանյանը:

 Տրիենալեի առաջին ցուցահանդեսներն արդեն իսկ այսօրվանից կբացվեն բոլոր արվեստասերների համար: Ժամը 16:00-ին Երևանում, Մելիք Ադամյան 2/2  հասցեում տեղակայված ՀԲԸՄ ցուցասրահում կբացվի բրազիլահայ մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի ցուցահանդեսը: Իսկ ահա 18:30-ին Մաշտոցի պող. 7ա հասցեում տեղակայված «ՀայԱրտ» մշակույթի կենտրոնում կբացվի Իլյա և էմիլիա Կաբակովների ցուցադրությունը, որը ներառում է «Մոցարտ լսելիս խնձոր ստանալու 20 եղանակ» ինստալյացիան և «Համերգ ճանճի համար» աուդիոինստալյացիան:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել