Ամենայն հավանականությամբ, Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագիրը չի ստորագրվելու, և դա հասկանում են բոլորը՝ բացի այդ համաձայնագրի ստորագրման ամենաբուռն կողմնակիցներից։

Նման պնդում անելու համար իրականում կան ծանրակշիռ հիմքեր։ Նախ՝ եկեք հիշենք, թե ինչ եղավ նախորդ անգամ, երբ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիր պետք է կնքվեր։ Ռուսաստանի միջամտությունից ու խոստացված բոնուսներից հետո Հայաստանը մեկ օրում կտրուկ շրջադարձ արեց ու մտավ ԵԱՏՄ։ Երկրորդ բանը, որ պետք է իմանալ այս իրավիճակում, այն է, որ Ռուսաստան-ԵՄ ու Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները հիմա էլ ավելի վատ են ու լարված, քան 2013-ի սեպտեմբերին, ուստի ոչ մի ռացիոնալ պատճառ չկա ակնկալելու, որ Ռուսաստանն այս անգամ ավելի հանգիստ կվերաբերվի համաձայնագրի ստորագրմանը։

Սակայն, այսքանով հանդերձ, թյուր է այն կլիշեացված պատկերացումը, թե ցարը հեսա բռունցքով սեղանին է խփելու, ՀՀ-ն էլ՝ որպես հլու վասալ, միանգամից փոխելու է դիրքորոշումը։ Քաղաքականությունն այդպես չի արվում. ցար կա, բայց բռունցքով սեղանին չի խփելու, Հայաստանն էլ, իհարկե, կախվածություն ունի գերտերություններից ու մասնավորապես՝ Ռուսաստանից, բայց այնպես չէ, որ հլու ստրուկի կարգավիճակում է։

Ըստ իս՝ առաջիկա ամիսներին տեղի է ունենալու հետևյալը․ Վոլոդինի տխրահռչակ դրվագների պես իրավիճակների շարան է լինելու, որոնց զուգահեռ՝ լինելու է շատ չափավոր ու զգույշ հակազդեցություն Հայաստանի կողմից (նույն համաձայնագրի ստորագրումը պետք է դիտել այդ կոնտեքստում)։ Հետո սկսվելու են կուլուարային, իսկ գուցե որոշ չափով բաց բանակցություններ, որոնց ժամանակ էլ ռուսներն առաջարկելու են շրջանակային համաձայնագրից հրաժարվելու համար վճարվելիք այն գինը, որը պատրաստ են, մերոնք էլ հնարավորությունների սահմաններում փորձելու են այդ գինը թանկացնել։ Արդյունքում, աշնանն ընդառաջ կհայտարարվի, որ, օրինակ, Ռուսաստանը պարտքով զենքի նոր խմբաքանակ կտա, կամ պարտք կների, կամ գազի գին կիջեցնի, կամ էլ համանման ինչ-որ բան։ Չի բացառվում, որ նշվածներից մի քանիսը կամ էլ նույնիսկ բոլորը (կախված է բանակցությունների ընթացքից ու կողմերի զիջողականության աստիճանից)։ Այս ամենն էլ կեզրահանգվի ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրության տապալմամբ կամ էլ հետաձգմամբ և աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում ձեռք բերված «բոնուսի» ստացմամբ։

Զերծ եմ մնում գնահատական տալուց՝ լավ է սա, թե վատ. առանձին քննարկման թեմա է։ Պարզապես առաջիկա ամիսների զարգացման տեսլականի իմ պատկերացումն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել