Երևանում Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի առևտրականների մեծ մասը բացեցին իրենց տաղավարները և շարունակում են ապրանքների վաճառքը: Նրանք հուլիսի 19-ի առավոտյան թույլ չէին տվել փողոցում ապամոնտաժում իրականացնել: Առևտրականները նշում են, որ իրենց ապրուստի միջոցը առևտուրն է: Նրանց առաջարկ է եղել այլ տոնավաճառներ տեղափոխվելու վերաբերյալ, սակայն հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ տաղավարների վարձակալման գները բարձր են:

Առևտրականների մի մասը մինչև 2018 թվականի հունվար ժամանակ է խնդրում, որ կարողանան իրենց ապրանքներն ամբողջությամբ վաճառել: Առևտրականներին նաև միացել են տեղի բնակիչները, ովքեր մտավախություն ունեն, որ Ֆիրդուսի տոնավաճառի ապամոնտաժումից հետո հերթը կհասնի իրենց բնակարաններին: Առևտրականները և բնակիչները այս առնչությամբ նաև նամակով դիմել են պատասխանատու մարմիններին, որտեղ մատնանշել են իրենց բոլոր մտահոգությունները:

Ավելի վաղ, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել էին, որ կառավարության որոշմամբ, Ֆիրդուսի տարածքը հանրային գերակա շահ էր ճանաչվել դեռ 2007 թվականին և այն պետք է իրացվի՝ քաղաքաշինական ծրագիր կյանքի կոչելու համար:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ քաղաքապետարանում դեռևս մեկ ամիս առաջ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներում տեղավորելու աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ հունիսի 19-ից 20 առևտրականներ տեղափոխվել են այլ տոնավաճառներ, իսկ մյուսների հետ բանակցությունները դեռևս շարունակվում են: Նշվել է, որ պետք է լուծվեր ևս 30 առևտրականների տեղափոխման հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել