Այսօր հանրապետության սահմանամերձ գյուղերից մեկում էի, հանդիպեցի մի երևույթի, որը սպառնում է նոր, հուժկու ճգնաժամի ալիքով՝ գյուղական տնտեսությունների համար: Մանրածախ առևտրի կետերից մեկում սեփականատիրոջ հետ զրույցից պարզվեց, որ իր խանութը լավ-վատ գոյատևում էր արտերկրում աշխատողների՝ խոպանչիների ընտանիքների գնումների շնորհիվ: Եթե նախկինում խոպանչիները Ռուսաստանից գումար էին ուղարկում՝ ընտանիքը կերակրելու համար, այժմ նախընտրում են, հատկապես ՌԴ կառավարության «Հայրենակիցներ» ծրագրի ընձեռնած հնարավորության շնորհիվ, Ռուսաստան մեկնել ընտանիքներով: Հատկապես հեռավոր, սահմանամերձ գյուղերի բնակչության համար այս ծրագիրը առավել գրավիչ է թվում, և այժմ նախկին խոպանչիները, որոնց տրանսֆերների հաշվին գոյատևում էր ոչ միայն իրենց ընտանիքը, այլև սնուցվում էր գյուղական տնտեսությունը, նախընտրում են Ռուսաստանի Դաշնություն մեկնել ընտանիքներով: Երևույթը ոչ միայն լուրջ սպառնալիք է գյուղական փխրուն տնտեսվարողների, այլ նաև երկրի ՀՆԱ-ի համար: Արտերկրից կայուն գումար ուղարկող աշխատուժի զգալի, կարող հատվածը դադարում է երկրի տնտեսությունը սնուցող գործոն լինելուց: Փաստորեն գյուղական տնտեսվարողները մնում են մի քանի համայնքային ծառայողների խղճուկ աշխատավարձերի և տատիկ-պապիկների կենսաթոշակների հույսին... Ի տարբերություն քաղաքների և խոշոր համայնքների՝ սահմանամերձ գյուղերը չունեն խոշոր մուտքեր գույքահարկից, հողի հարկից և համայնքային շենք-շինությունների և տարածքների վարձակալությունից, հետևաբար համայնքային բյուջեները հազիվ կարողանում են քարշ տալ համայնքապատկան ծառայությունների խղճուկ գոյությունը: Եվ եթե մենք չկարողանանք գյուղերում դրամի ներհոսքի նոր ուղիներ գտնել, մի քանի տարվա ընթացքում ականատես կլինենք ամայացած, լքված գյուղերի, մեռյալ տնտեսությամբ հսկայական ծերանոցների:
Խնդիրը լուծելու համար պետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք գյուղական տնտեսությունների վրա պետք է ունենան կայծակնային էֆեկտի ազդեցություն.
ա) Դոտացիաների կամ պետական լրավճարների գոտիականացում: Բոլորիս հայտնի է, որ ՀՀ ամբողջ տարածքում պետական լրավճարները համայնքներին տրամադրվում են միասնական գործակցով, սակայն այս պարագայում անտեսվում է, որ քաղաքային համայնքները, հատկապես մայրաքաղաքի վարչական շրջանները, գույքահարկից, հողի հարկից, վարձակալության տրված տարածքներից և այլ աղբյուրներից ստացվող մուտքերի հաշվին ունեն զգալի եկամուտներ, որից զրկված են գյուղական բնակավայրերը: Այս պարագայում պարզ է, որ փոքր համայնքների բյուջեների վրա ընկնում է ահռելի ֆինանսական բեռ, որի հետևանքով շատ հաճախ համայնքները ստիպված են լուծարելու նախակրթարանները, գրադարանները և կենսական նշանակության այլ ենթակառուցվածքներ, որի հետևանքով լրջորեն մեծանում է գյուղը լքողների թիվը: Պետական լրավճարների գոտիականացումը հնարավորություն կտա համայնքներին տրամադրվող միջոցները բաշխել առավել արդարացի՝ ֆինանսական աջակցության առավել բարձր գործակից սահմանելով սահմանամերձ գյուղերին, փոքր բնակչություն ունեցող համայնքներին, մայրաքաղաքից զգալի հեռավորության վրա գտնվող համայնքներին և այլն, ինչն իր հերթին հնարավորություն կտա վերոհիշյալ համայնքներին ունենալ ֆինանսական միջոցներ՝ ապահովելու համար համայնքային ենթակառուցվածքների գոնե նվազագույն չափով կենսագործունեությունը...
բ) «Կտրոնային» հարկահավաքության ներմուծում, երբ գյուղացին իր հիմնական զբաղմունքից զատ որևէ ծառայություն մատուցելիս, ասենք սեփական ավտոմեքենայով տաքսի վարելիս, իր նախընտրած ժամանակահատվածի համար ցանկացած բանկում վճարի որոշակի գումար՝ ազատվելով պետ. ռեգիստրում գրանցվելու և այլ ծախսերից և թղթարարական վարչարարությունից:
գ) Պետությունը պետք է շարունակի գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի տոկոսների մի մասի սուբսիդավորման քաղաքականությունը առավել արդյունավետ ձևով՝ այս դեպքում հանդես գալով ոչ թե սոսկ սուբսիդավորողի, այլ ներդրողի դերում: Որպես ներդրող՝ պետությունը կստանա իր շահաբաժինը կամ կկորցնի տնտեսվարողի հետ հավասարաչափ. պետական երաշխիքի բացակայության պյմաններում գյուղացիները խուսափում են օգտվել գյուղատնտեսական վարկերից ոչ միայն բարձր տոկոսադրույքների պատճառով, այլև բերքատվության պակասի և հնարավոր այլ վնասների դեպքում գյուղացին ընկնում է խոշոր պարտքի տակ՝ բանկերի դեմ մնալով միայնակ...
Այս շարքին կարելի է ավելացնել բազմաթիվ կետեր, որոնցից որևէ մեկը ուտոպիստական շարադրանք չէ, այլ հաշվարկված քայլեր, որոնք տեղավորվում են բյուջետային սուղ հնարավորությունների մեջ: Վերջ ի վերջո, առանց փոփոխությունների մեծ փաթեթ իրականացնելու մենք ժամ առ ժամ կորցնում ենք գյուղերը: Հապաղելու ժամանակ ուղղակի չունենք: Մեզ մնացել է 2-3 տարի ժամանակ, այլապես գյուղերի մեծ մասը կդառնա պարզապես դատարկ աշխարհագրական տարածություններ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել