Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Ս.թ. հուլիսի 7-ին «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի տարածած հայտարարությունն առ այն, որ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի վճարի համար գանձվող գումարի փոփոխություն կարող է նախատեսվել, տեղիք տվեց հակասական մեկնաբանությունների։ 
Թեև արդեն իսկ պարզաբանել ենք, որ ավտոկայանատեղիի վճարի չափը չի փոխվում, և խնդիրը վերաբերում է վճարման ձևաչափով պայմանավորված լրացուցիչ առաջացող գումարներին, այդուհանդերձ հարկ ենք համարում նշել, որ, որպես Երևան համայնքի շահերից հանդես եկող կառույց, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորները մտահոգված են ստեղծված իրավիճակով։ 
Տեղեկացնում ենք, որ խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը գրավոր դիմել է բջջային կապի օպերատորներին՝ քննարկելու SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի վճարի գանձման ձևաչափում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, ինչը հնարավորություն կտա վերացնելու լրացուցիչ ԱԱՀ-ի վճարման անհրաժեշտությունը, ինչպես նաև էապես կնվազեցնի գանձման հետ կապված հավելյալ այլ ծախսերը։
Միաժամանակ, այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի և կառույցների հետ՝ խնդրին առնչվող կողմերի հետ փոխգործակցությամբ հնարավոր լուծումներ գտնելու համար։ Նախնական քննարկումների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ խնդիրը բոլորի համար ընդունելի պայմաններով լուծելու վերաբերյալ։ 
Հաշվի առնելով գործընթացում ներգրավված կողմերի պատրաստակամությունը` լիահույս ենք, որ խնդիրը շուտով արդյունավետ հանգուցալուծում կունենա, և վերջնական արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

 

Երևանի քաղաքապետարան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել