«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Հուլիսի սկզբին Ադրբեջանի ձեռնարկած քայլերը՝ Արցախի հետ շփման գծում իրավիճակի սրման ուղղությամբ, կարծես թե շտկեցին այն քաղաքական և քարոզչական արդյունքը, որին հարևան երկրի ղեկավարությունը ձգտում էր:
«Արյունախում հայերի» առասպելը հաստատելու որևէ լուրջ ապացույց չի ստացվել: Դա ունի ընդհանուր և մասնավոր պատճառներ: Ընդհանուրն այն է, որ մի կողմից Ադրբեջանն ամեն օր ասում է՝ հեսա մենք զենքով կգրավենք Ղարաբաղը, Զանգեզուրը, Գյոքչան ու Էրիվանը, մյուս կողմից՝ ասում է՝ մենք խաղաղասեր ենք, հայերն են առաջինը կրակում: Դիրքորոշման այդ հակասությունն, ինձ թվում է, չի նպաստում քարոզչական միավորների ձեռքբերմանը:
Ադրբեջանի անհաջողության մասնավոր պատճառն այն է, որ այսօր շատ դժվար է թաքցնել կամ խեղաթյուրել իրականությունը: Պարզ է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար, որոնց արբանյակները on-line ռեժիմով հետևում են աշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող իրադարձություններին, ճշմարտությունն իմանալը խնդիր չէր նաև 10, 20 տարի առաջ: Բայց մի քանի ժամ հետո պատկերը վերականգնելը և աշխարհին ներկայացնելը խնդիր չէ նաև մեզ նման երկրների համար: Բացի այդ, գոնե հայկական կողմից սահմանն այնպես է կահավորված, որ ամեն ինչ նկարահանվում է և անհրաժեշտության դեպքում հրապարակվում է:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ակցիաները, որոնք կոչված էին, մասնավորապես, ուշադրություն շեղել իսլամիստներին զենք վաճառելուց և Արևմուտքի՝ մարդու իրավունքների հետ կապված դժգոհություններից, չեն հասել իրենց նպատակին նաև այն պատճառով, որ այդ երկրի և Ռուսաստանի հարաբերություններում դժվարություններ են առաջացել (ենթադրում եմ, ժամանակավոր):
Տարաձայնությունների պատճառը, ըստ փորձագետների, «գազային մրցակցությունն» է՝ մի ոլորտ, որտեղ ներկա ժամանակահատվածում այդ երկու երկրի շահերը չեն համընկնում: Ադրբեջանն այս պահին Ռուսաստանից «դաբրո» չունի՝ իրավիճակ սրելու, իսկ առանց «դաբրո»-ի սրելու դեպքում չի ստանում բավարար դիվանագիտական, քաղաքական և քարոզչական աջակցություն: Դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը այդ «դաբրոն» չի տրվելու»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել