Հնդկաստանում վերջերս լայն տարածում է գտել նկարում պատկերված կախարդական «դեղամիջոց-բույսի» վաճառքը։ Այն կոչվում է «Հաթա Ջոդի», ինչը թարգմանաբար նշանակում է «սեղմված ձեռքեր»։ Ասում են, որ այդ կախարդական բույսի արմատները գնելով՝ երջանկությունն ու հաջողությունը անմիջապես կթակեն ձեր դուռը։

Բայց պարզվում է, որ այն իրականում բույսի արմատ չէ, այլ մողեսի սեռական օրգան, որոնք օնլայն խանութներում վաճառվում են մինչև անգամ 100 դոլարով։ Փաստորեն, բնական դեղամիջոցի փոխարեն մարդիկ բավականին մեծ խանդավառությամբ գնում ու ուտում են մողեսների առնանդամներ։

Ամեն ինչ սկսվեց, երբ 2016 թվականին մի մարդ իր գնած Հաթա Ջոդին տարավ Հնդկաստանի վայրի բնության կազմակերպություն, քանի որ նկատել էր, թե ինչպես են որսագողերը բռնում մողեսներին, կտրում նրանց սեռական օրգաններն ու արևի տակ չորացնում։

«Մեր ականջներին չէինք կարողանում հավատալ։ Լսել եմ, որ որոշ որսագողեր վագրերի առնանդամներ են գողանում, սակայն նրանց նպատակն այլ էր»,- նշել է Ջոզ Լուիսը՝ վայրի բնության պաշտպանության հարցերով զբաղվող քննիչը։

Hatha Jodi

Հետագա քննությունը ցույց տվեց, որ eBay-ի, Amazon-ի և նմանատիպ մյուս կայքերի միջոցով հարյուրավոր «բուսական արմատներ» են վաճառվել։

Չնայած այդ տեսակի մողեսները վտանգված չեն, սակայն նրանք անմիջականորեն պաշտպանվում են Հնդկաստանի օրենսդրությամբ, քանի որ կարևոր գործառույթ են իրականացնում․ բռնում են մկներին ու առնետներին։

Քննիչները բազմաթիվ խանութներ են այցելել, ուր վաճառողները վստահեցնում էին, որ Հաթա Ջոդին հազվագյուտ բույսի արմատ է, որը հանդիպում է միայն Նեպալում՝ Բուդդայի ծննդավայրում։ Ոմանք անգամ պնդում էին, որ «արմատներն» ավելի լավ կազդեն, եթե այն մեկ գիշեր թողնեք մեղրով ու կաթով պատրաստված խառնուրդի մեջ։

«Հաթա Ջոդին բնության հրաշք է։ Այն նման է միմյանց սեղմված երկու ձեռքերի, որոնք կարծես աղոթում են» այսպես է վերնագրված Amazon-ում տեղադրված հայտարարություններից մեկը։ Մեկ այլ հայտարարության մեջ էլ նշվում է․ «Սա շատ հազվադեպ հանդիպող բույսի արմատ է, որը նման է աղոթող ձեռքերի։ Այն պետք է պահել հատուկ յուղի մեջ։ Արմատներն ուտելու դեպքում դուք կօրհնվեք, կհարստանաք ու հաջողակ կդառնաք։ Այն նաև ձեզ փորձանքից ու չար ազդեցությունից հեռու կպահի»։

Amazon Lizard Penis

Ոստիկաններն արդեն 15 որսագողի են ձերբակալել, որոնց մոտ, ընդհանուր առմամբ, մողեսների 210 առնանդամ է հայտնաբերվել։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Միաժամանակ նաև համացանցով տեղեկատվական ակցիաներ են կազմակերպվում՝ մարդկանց իրազեկելու, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այդ կախարդական բույսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել