Մի հատված  Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանի կողմից մատուցված պատարագի քարոզից, որը տեղի ունեցավ այսօր` Ծաղկազարդին, Մայր Աթոռում: 

<<Եկեղեցու հայրերն այն տեսակետին են, որ մարդը գտնվում է ձգողական երկու դաշտերի միջեւ: Դաշտերից մեկը նրան դեպի վար է ձգում. դա չարությունն է, նախանձը, թշնամությունն ու ատելությունը, այն բոլոր չարիքները, որոնց մեր հայրերը կոչում են մահացու մեղքեր: Մյուս դաշտը, սիրելիներ, դա Աստված է իր սիրով, որ մեզ ձգում է դեպի վեր: 

Երրորդ և չորրորդ դարերի պլատոնական փիլիսոփաներին ևս հուզել են այս հարցերը: Նրանք ձգտել են, ուղիներ են փնտրել, որպեսզի ազատագրվեն եւ մաքրվեն իրենց այս երկրի վրա պահող բեռից, եւ դրա ծանրությունից ազատվելու միջոցով հասնեն բարձրյալին, միակին և ճշմարտին: Այս ուղուն են հետևել նաեւ եկեղեցու  շատ հայրեր, միայն այն տարբերությամբ, որ վերջիները բացահայտել են ճշմարտությունն ամբողջությամբ` ճշմարտության բացահայտման ճանապարհին գտնելով Քրիստոսին, որը, այսօր մուտք գործելով Երուսաղեմ, ձեռքը դեպի իրեն է մեկնում , ինչպես կասեր Ս. Օգոստինոս Երանելին` հրավիրելով մեզ դեպի երկինք:

Պատմում են, որ մի գիտնական ջերմեռանդորեն աղոթում էր, որ Աստված իրեն ցույց տա դեպի երկինք տանող ճանապարհը: Օրերից մի օր նա ձայն  է լսում երկնքից: Աստված նրան թելադրում է, որ գնա եկեղեցի և ճանապարհին կհանդիպի մի մարդու, ով կուսուցանի իրեն և ցույց կտա այդ ճանապարհը: Առավոտյան, երբ գիտնականը  գալիս է Եկեղեցի, դռան մոտ հանդիպում է մի աղքատ ծերունու:

-Բարի օր, հայրիկ,- ասում է գիտնականը:

-Ես չգիտեմ մի օր, որ ինձ համար բարի չէ,-պատասխանում է ծերունին:

-Այդ դեպքում մաղթում եմ, որ Աստված քեզ երջանկություն պարգևի,- հավելում է գիտնականը:

-Ես չեմ հիշում, որ երբևէ դժբախտ եղած լինեմ,-պատասխանում է ծերունին` նշելով, որ ինքը երբեք Աստծուց չի խնդրել երջանկություն կամ ունեցվածք, այլ մշտապես փառաբանել է նրան, գոհացել է նրանով, ինչ որ ունեցել է, եւ խնդրել է, որ միայն Իր` Աստծո, կամքը կատարի: Այն, ինչ Աստված պարգևել է իրեն` լինի դա ջերմ, պայծառ օր, թե` ցուրտ ու խավար, լինի դա քաղցրություն, թե` դառնություն, լինի դա հարստություն, թե աղքատություն, նա գոհացել է:

Մտավորականը հարցնում է.

-Իսկ եթե Աստծո կամքը լինի քեզ դժոխք ուղարկելը, այդ դեպքում ինչ պիտի անես: Ծերունին պատասխանում է, որ դա հնարավոր չէ, քանզի նա Աստծուն գրկել երկու անբաժանելի ձեռքերով. Նրա մի ձեռքը հնազանդությունն է, իսկ մյուսը` սերը: Այս  կերպ նա մշտապես Աստծո հետ է, իսկ ով Աստծո հետ է, ոչնչից չի վախենում:

Սիրելի քույրեր և եղբայրեր

Հիսուս մոտք գործեց Երուսաղեմ եւ մեր առջեւ բացեց արքայության դռները` հրավիրելով մեզ այնտեղ: Այսօր նա իր ձեռքն է մեկնում մեզ` սպասելով մեր պատասխանին: Այսօրվա պատգամն է, որ ամուր սեղմենք Նրա ձեռքը, եւ դա անենք սիրով և հնազանդությամբ:

Այսօր  Վեհափառ Հայրապետի կողմից կատարվեց մանուկների օրհնության կարգ: Աղոթենք, որ մեր մանուկները եւս մեծանան Տիրոջ օրհությամբ, հնազանդության և  սիրո առաքինությունները անպակաս լինեն իրենցից այժմ և հավիտյանս հավիտենից: Ամեն>>: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել