Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի փողոցները լի են երիկամի բուժում աղերսող հայացքով շրջող մարդկանցով։ Ինչպես աշխարհի շատ այլ վայրերում, այստեղ ևս բնակչության ու աղքատության մակարդակի աճը, ինչպես նաև բժշկական ապահովագրության իսպառ բացակայությունը հանգեցրել են տարբեր օրգանների հիվանդությունների լայն տարածման։
Օրգանների մեջ ամենամեծ պահանջարկն ունի երիկամը: Սև շուկայում տարեկան ավելի քան 7.000 երիկամ է ապօրինի ճանապարհով ձեռք բերվում և վաճառվում: Ըստ որոշ տվյալների՝ սև շուկայում երիկամների վաճառքից տարեկան 514 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլար է շրջանառվում:
Կատմադուի փողոցներում ոմանք թափառում են մուրացկանների պես և խնդրում, որ իրենց կամ իրենց երեխաների երիկամների բուժման համար գումար տան: Օրինակ՝ Ջիթ Բահադուր Մագարն ու իր կինն իրենց ողջ խնայողությունները ծախսել են իրենց որդու երիկամի հիվանդությունը բուժելու վրա: Իսկ երբ բոլոր միջոցները սպառվել են, նրանք դուրս են եկել փողոց՝ բժշկական ծախսերը հոգալու համար գումար հայթայթելու:
«Աղոթում եմ աստծուն, որ ոչ ոք չանցնի այն ամենի միջով»,- ասում է Ջիթ Բահադուրը: Բայց, այնուամենայնիվ, բազմաթիվ նեպալցիներ ստիպված են լինում անցնել այդ ամենի միջով:

Նեպալի երիկամային կենտրոնում երբեք ազատ տեղ չի լինում։ Այնտեղ հիվանդներին առաջարկում են երկու տարբերակ՝ երիկամի փոխպատվաստում կամ դիալիզի իրականացում։ Սակայն այն հաջողակները, ովքեր կարողանում են վճարել փոխպատվաստման համար, ևս մի պատնեշի են հանդիպում․ Նեպալի օրենսդրության համաձայն՝ բացի այն, որ դոնորի արյունը պետք է համապատասխանի հիվանդի արյանը, դոնորը նաև պետք է լինի հիվանդի ընտանիքի անդամ։
Իշխանությունները համոզված են, որ Կատմանդուից ոչ հեռու գտնվող Կավրե փոքր քաղաքում է ստեղծվել և զարգանում Նեպալի սև շուկան։ Այստեղ խորամանկ հանցագործները խաբում են աղքատ ու անկիրթ մարդկանց և «գողանում» նրանց երիկամները։ Այս վայրը հաճախ նաև կոչվում է «Նեպալի երիկամային բանկ»։
Ակտիվիստների պնդմամբ՝ արդեն 20 տարի է, ինչ Կավրեի խեղճ բնակիչները սև շուկայում վաճառվող երիկամների գլխավոր աղբյուրն են։ Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 300 մարդ է դարձել երիկամային թրաֆիքինգի զոհ։

«Հանրության առջև չխայտառակվելու համար զոհերը երբեմն լռում են։ Բնական է, որ նաև թրաֆիքինգի ենթարկողներն են վախեցնում նրանց, որպեսզի ոչ ոքի ոչինչ չպատմեն»,- նշում է Մարդու իրավունքների պաշտպան, իրավաբան Ռաջենդրա Ղիմիրը։
Նավարայ Պարիյարը հարյուրավոր զոհերից մեկն է։ Իր գոյությունը պահպանելու համար նա էլ շատերի պես կենդանիներ է պահում, կաթ վաճառում և սեզոնային հողագործական աշխատանքներ անում։ Նա մի աղքատ ու անկիրթ գյուղացի է, ով ունի ընդամենը 2 կով, մի փոքր տուն և նույնքան փոքր էլ հողատարածք։
Նախկինում Պարիյարը հաճախ էր գնում Կատմանդու՝ շինարարական աշխատանք գտնելու նպատակով։ 2000 թվականն էր, երբ բժիշկ ներկայացող մի անձ կասկածելի առաջարկ արեց նրան․ եթե Պարիյարը թույլ տար, որ իր մարմնից «մի կտոր միս» կտրեին, նա 30 լաք կստանար՝ մոտավորապես 30․000 դոլար։

Բայց նրան չէին ասել, որ այդ «մի կտոր միսը» իր երիկամն է։ «Այդ բժիշկը պատմեց, որ միսը նորից կաճի։ Դրա համար էլ մտածեցի, որ եթե միսը նորից աճելու է, ապա ինչո՞ւ հրաժարվեմ 30․000 դոլարից»,- նշում է Պարիյարը։ «Իսկ եթե մահանա՞մ»,- բժիշկ ներկայացած անձին հարցրել է Պարիյարը, սակայն իր ապագա զոհին նա վստահեցրել է, որ ոչինչ չի պատահի։ Նրան գայթակղելու համար լավ ուտելիք ու նոր հագուստ են տվել և անգամ կինոթատրոն տարել։ Ապա Պարիյարին ուղեկցել են հիվանդանոց, ուր նրան կեղծ անուն են տվել և իրական բժիշկներին ասել, թե նա հիվանդի բարեկամն է։ «Հիվանդանոցում ինձ հարցրին, թե արդյոք հիվանդն իմ քո՞ւյրն է։ Ինձ ասել էին, որ պետք է «այո» ասեմ։ Հենց այդպես էլ արեցի։ Շարունակ լսում էի «kidney» (անգլերենից թարգմանաբար՝ երիկամ) բառը, սակայն գաղափար անգամ չունեի, թե ինչ է դա նշանակում։ Ես միայն գիտեի «mirgaula» (նեպալերենից թարգմանաբար՝ երիկամ) բառը»,- պատմում է Պարիյարը։ Քանի որ նա անգլերենին չէր տիրապետում, չի հասկացել, թե ինչի մասին են բժիշկներն ու թրաֆիքինգով զբաղվողները խոսում։
Վիրահատությունից հետո Պարիյարին տուն ուղարկեցին՝ տալով ընդամենը 20,000 ռուփի՝ մոտավորապես 194 դոլար, այսինքն՝ խոստացված գումարի 1%-ից էլ քիչ գումար։ Դրանից հետո նա էլ ոչ մի գումար չի ստացել, ոչ էլ կարողացել է գտնել ենթադրյալ բժշկին։ Տուն վերադառնալուց հետո նա կասկածներ ուներ։ Տեղի բժշկին այցելելուց հետո նա իմացավ, որ բացակայում է իր մի երիկամը։
Օրեցօր Պարիյարի վիճակը վատանում է․ նրա մոտ միզանոթային խնդիրներ են առաջացել, ինչպես նաև ողնաշարի հազվադեպ հանդիպող հիվանդություն։
Թրաֆիքինգի տարածվածության գլխավոր պատճառն աղքատությունն ու անիրազեկվածությունն է։ Բարեբախտաբար, վերջին տարիներին այս խնդրի մասին սկսել են տեղի լրատվամիջոցները պարբերաբար հոդվածներ գրել, տարածել ողջ աշխարհով մեկ։
Սակայն, այնուամենայնիվ, երիկամային թրաֆիքինգը շարունակում է մնալ Նեպալի հիմնախնդիրը, որի զոհը տարեկան դառնում են Պարիյարի նման տասնյակ հարյուրավոր անմեղ մարդիկ։



