Ամառային զբոսանքի ամենագեղեցիկ պահերից մեկն էլ այն է, որ շատ հաճախ կարելի է տեսնել մայրության բերկրանքին սպասող կանանց: Իսկապես հրաշալի են մեր հայուհիները, հատկապես կլորացած փորիկներով: Բայց ինչպես և կյանքում ամեն բան, հղիությունը ևս ժամանակավոր հրաշք է յուրաքանչյուր կնոջ կյանքում և այն ընդամենը 9 ամիս հետո վերածվում է կանացի ամենամեծ երջանկության, որը մայրություն է կոչվում: Եվ այսպես, եթե ձեր հղիությանը հաշված օրեր են մնացել, եթե ձեր բալիկի ծնունդը սպասելի է ամեն ակնթարթ, ուրեմն՝ այսօրվա մեր «երեք պայուսակի օրենքը» հենց ձեզ համար է:
Ծննդատուն գնալը ինքնին լարվածության պահ է, հատկապես եթե դա առաջին անգամն է: Ի՞նչ վերցնել, ինչպե՞ս հավաքվել, որ հետո խնդիրներ չառաջանան, ի՞նչ պարագաներ են անհրաժեշտ և որո՞նք ավելորդ բեռ կդառնան այդ պատասխանատու պահին, պարզենք միասին: Ձեր հղիությանը հետևող բժիշկը, միանշանակ, կասի ձեզ՝ ինչ է պետք, ինչն է անհրաժեշտ ծննդատուն ուղևորվելիս, բայց համոզված ենք, որ այդ ցուցումներից հետո դուք ավելի կխճճվեք, ուստի վերոհիշյալ «երեք պայուսակի օրենքը» այն հրաշալի կազմակերպչական մեթոդն է, որը կօգնի յուրաքանչյուր հղիի կոորդինացնել իր ծննդատուն գնալուց մինչև դուրս գրվելու ողջ ընթացքը:
Նախապես ձեռք ենք բերում երեք պայուսակ կամ երեք մեծ տոպրակ:
Առաջին պայուսակի մեջ տեղավորում ենք բոլոր այն իրերը, առարկաները, որոնք ձեզ անհրաժեշտ են անմիջապես ծնարանում: Դրանք են՝ հողաթափեր, քնազգեստ, բայց ոչ տաբատով, այլ շրջազգեստի մոդելի, խալաթ, սրբիչ, անպայման սպիտակ, բայց թույլ ռետինով բամբակյա բարակ գուլպաներ: Կարևոր փաստաթղթերը ևս տեղավորում ենք այս պայուսակի մեջ։ Դրանք են՝ անձնագիր, պոլիկլինիկայի ուղեգիր, անվճար բուժօգնության վկայական: Ահա այն ամենը, ինչը պետք է վերցնել ծննդաբերության գնալիս: Նկատեք՝ բացարձակ ոչինչ մենք չնշեցինք ձեր ապագա մանկիկի համար, որովհետև ծնարանում երեխային լողացնում, փաթաթում ու քնելու են դնում միայն ու միայն այնտեղի բժշկական ստերիլիզացիա անցած սավաններով: Ձեր անձնական հիգիենայի պարագաների կարիքը ևս չկա այդ փուլում, որովհետև նույն մոտեցումը նաև ձեր պարագայում է: Հենց այս 1-ին համարի պայուսակն է, որ մենք մեզ հետ վերցնում ենք ծննդատուն գնալիս:
Երկրորդ պայուսակի մեջ տեղավորում ենք բոլոր այն իրերը, որոնք ձեզ անհրաժեշտ են արդեն հիվանդասենյակում: Զգուշացում. այս պայուսակը ամենամեծն է լինելու: Անկողնային պարագաներ, ևս մեկ քնազգեստ, գուլպաներ, սրբիչ, հիգիենայի պարագաներ (ատամի մածուկ, խոզանակ, օճառ, թաց ու չոր անձեռոցիկներ, կանացի իրեր), ջրի համար բաժակ: Սա առաջին անհրաժեշտության իրերն են, որոնք պետք կլինեն ձեզ հիվանդասենյակ տեղափոխվելու պահին, մնացածը արդեն այցելությունների ժամանակ կլրացնեն ձեր հարազատները: Իսկ հիմա ուշարդրություն: Նույն այս՝ երկրորդ պայուսակի մեջ մենք վերցնում ենք բալիկի համար անհրաժեշտ ու շատ կարևոր մի քանի իրեր: Առաջին հերթին՝ այն շորիկը, որը որ կցանկանայիք, որ հիվանդասենյակ բերելու ժամանակ բուժքրոջ օգնությամբ հագցնեք փոքրիկին: Այնուհետև վերցնում ենք մանկական տակդիրներ (0 համարի), նախապես ստերիլացված, արդուկված թաշկինակներ, մանկական ծածկոց (այս տաք եղանակին ցանկալի է բամբակից), իսկ այս պահից ավելի ուշադիր՝ կաթնախարնուրդ ու շիշ, եթե երեխան պիտի սնվի արհեստական եղանակով: Երբ երեխային բերեն հիվանդասենյակ, առաջինը, որ պետք է անել, նրան կերակրելն է: Հետո արդեն, ըստ անհրաժեշտության, եթե ինչ-որ բան պակասի, հարազատները կլրացնեն այցելությունների ժամանակ:
Եվ վերջապես երրորդ պայուսակը: Այս պայուսակում տեղավորում ենք այն իրերը, որոնք ձեզ անհրաժեշտ են ծննդատնից դուրս գրվելու օրը: Դրանք են՝ փոքրիկի և մայրիկի՝ ծննդատնից դուրս գրվելու հագուստը: Ձեր հագուստն ու կոշիկն ընտրելու ժամանակ հաշվի առեք, որ ծննդատնից դուրս գրվելիս ամենակարևորը հագուստի ու կոշիկի հարմարավերտությունն է: Իսկ գեղեցիկ ու շլացնող տեսք դուք դեռ կհասցնեք ունենալ, չէ՞ որ բալիկի ծնունդը ձեր կյանքում այնքա՜ն տոներ ու երջանիկ պահեր կբերի: Լավատեսություն և բարի ազատում ձեզ: