ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Ողջունելով հյուրին՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության խորացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: ՀՀ ԱԺ փոխնախագահը հայ-բրիտանական միջպետական կապերի զարգացման եւ ընդլայնման համատեքստում արժեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը: Այդ համատեքստում Արփինե Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարել խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ շփումների ակտիվացումն ու փորձի փոխանակումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Միացյալ Թագավորության դեսպանության հետ առկա նպաստավոր համագործակցությանը: Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձել հատկապես ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի արդյունավետությանը:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել