Հոդվածում նշված անձանց ինքնությունը չբացահայտելու համար նրանց անունները պայմանականորեն փոխված են։
Ամստերդամի իր համեստ բնակարանում նստած՝ Վաֆան միացնում է բջջային հեռախոսն ու բացում WhatsApp հավելվածը։ Նա խառը հոգեվիճակում է գտնվում՝ վախով ու հույսով լցված։
Գլուխը հիջաբով ծածկելով՝ 40-ամյա Վաֆան սկսում է լացել․ սպասում է երկու փոքր կապույտ թռչնանիշների (✓✓) երևալուն, ինչը կհաստատի, որ Մահան ստացել է իր նամակները։ Դա միակ ձևն է, ինչի միջոցով Վաֆան համոզվում է, որ իր 23-ամյա դուստրը ողջ է։
Մահան ու իր 2-ամյա դուստրը՝ Օդաին, գերի են ընկել Ռաքքայում՝ Սիրիայում ԻԼԻՊ-ի դե ֆակտո մայրաքաղաքում։ Երբ նա ինտերնետային կապ է գտնում, թաքուն՝ բոլորի աչքից հեռու, WhatsApp-ի ձայնային հաղորդագրությունների միջոցով կապվում է մոր հետ։
«Երբ ոչինչ չեմ լսում, ոչ մի լուր չեմ ունենում, կարծես ինչ-որ մի բան մեռնում է իմ ներսում»,- ասում է Վաֆան։
Երբ 2014 թվականին Վաֆան Ռաքքայից փախչում էր, որպեսզի գնա Նիդերլանդներ, խնդրեց իր աղջկան, որ հետևի իրեն։ Փոխարենը Մահան որոշեց մնալ իր ամուսնու ու որդու հետ՝ խոստանալով ավելի ուշ միանալ մորը։ Բայց նրան այդպես էլ երկրորդ շանս չընձեռվեց։ ԻԼԻՊ-ի կրոնական ոստիկանները գլխատեցին Մահայի ամուսնուն, քանի որ նրա հեռախոսում սիրիական զինվորին ուղարկված հաղորդագրություն էին գտել։
Ռաքքայից փախչելն այժմ էլ ավելի դժվար ու վտանգավոր է դարձել, իսկ Մահայի ուղարկած ձայնային հաղորդագրություններում երևում է նրա հուսահատության աստիճանը։
Հետևյալ խոսակցությունը սղագրվել է Վաֆայի և Մահայի ձայնային հաղորդագրություններից, որոնք Վաֆան տրամադրել էր CNN լրատվականին։

Մահա
«Մամ, Օդաին կեղտոտ ջրից ինֆեկցիա է ստացել, փորձեցինք շտապ օգնությամբ հիվանդանոց տանել, բայց բժիշկն ասաց, որ հիմա նրա համար չափազանց կարևոր է մաքուր ջուր խմելը, սակայն այստեղ շատ դժվար է մաքուր ջուր գտնել։ Մամ, ես շատ հուսահատված եմ, չգիտեմ՝ ինչ անեմ, երդվում եմ, չգիտեմ»։
Վաֆա
«Քաղցրս, փորձիր նրա համար մաքուր ջուր գտնել։ Ասա ինձ՝ ինչպե՞ս ես։ Աստված ամեն ինչ կկարգավորի, նա ամենագութ է»
Մահա
«Մամ, ուժ չունեմ այլևս, իսկ իրավիճակն ահավոր է։ Չեմ կարող այլևս տանել այս ամենը, որդիս հիվանդ է, բայց չկա ո՛չ մաքուր ջուր, ո՛չ դեղ, ո՛չ մի բան։ Երեկ հազիվ եմ կաթ հայթայթել Օդաիի համար»։
Վաֆա
«Երդվում եմ, քաղցրս, մարդ չի մնացել, որ հետը խոսացած չլինեմ։ Խոսել եմ լրատվամիջոցների, բժիշկների, ողջ աշխարհի հետ»։
Մահա
«Բարև, մամ։ Ինչպե՞ս ես։ Հույս ունեմ՝ լավ ես։ Մեծ դժվարությամբ կարողացա կապ գտնել։ Այս ինտերնետ-սրճարանը, որտեղից հաղորդագրություն եմ ուղարկում, հեռու է մեր կացարանից։ Չգիտեմ՝ արդյոք էլի կկարողանա՞մ վերադառնալ այստեղ։ Միգուցե այն փակվի»։
Վաֆա
«Քաղցրս, փորձիր փախչել, գնա, գնա ուրիշ գյուղ։ Սպասում եմ պատասխանի, որ քեզ Թուրքիա տեղափոխեն»։
Մահա
«Մամ, ինչո՞ւ չես պատասխանում։ Խնդրում եմ արձագանքիր։ Խնդրում եմ պատասխանիր։ Ասա՝ ո՞նց ես»։
Վաֆա
«Քաղցրս, ես պատասխանել էի քեզ, հիմա բժշկի հետ եմ, չգիտեմ՝ էլ երբ օնլայն կլինես։ Ինչո՞ւ պետք է չպատասխանեի քեզ, իմ հոգի, իմ կյանք։ Ողջ ժամանակս հիվանդանոցներում եմ անցկացնում, ստիպված եմ քնաբեր դեղեր խմել, մի քանի անգամ նյարդային խանգարումներ եմ ունեցել»։
Մահա
«Մամ, դու խոստացել էիր ինձ հանել այս դժոխքից։ Մամ, մղձավանջների մեջ եմ ապրում։ Երազումս անընդհատ տեսնում եմ, որ գալիս ու ինձ սպանում են։ Քեզ հաղորդագրություն ուղարկելուց հետո անմիջապես ջնջում եմ ամեն ինչը, քանի որ վախենում եմ։ Նրանք ամենուր են (ԻԼԻՊ-ի զինվորները)։ Այս կյանքի պատճառով էլ ուժ չունեմ»։
Վաֆա
«Քաղցրս, երդվում եմ՝ մարդ չկա, որ հետը խոսացած չլինեմ՝ բժիշկների, իրավաբանների, լրագրողների․․․ աշխարհում էլ մարդ չի մնացել, որ քո ու Օդաիի մասին ասած չլինեմ։ Պատրաստ եմ անգամ անհնարինին՝ քեզ այդտեղից հանելու համար»։
Մարտի 15, 2017
Մահա
«Մամ, ուզում եմ հետ գալ, էլ չեմ կարող այստեղ մնալ, ես վախենում եմ, որ ինձ կձերբակալեն։ Եթե հանկարծ իմանան, որ քեզ նամակներ եմ ուղարկում, ինձ կվնասեն։ Այստեղի զինյալները Ռաքքայից դուրս ապրող մարդկանց հետ խոսելը հանցագործություն են համարում։ Կփորձեմ էլի կապ գտնել ու հաղորդագրություն ուղարկել քեզ»։
Վաֆա
«Քացրս, որտե՞ղ ես։ Պատասխանիր, որտե՞ղ ես։ Ուզում եմ ձայնդ լսել»։
Մահա
«Մամ, ոչինչ չկա այստեղ․ ո՛չ ուտելիք ունենք, ո՛չ ջուր, ո՛չ էլեկտրականություն․․․ ոչինչ։ Բայց զինյալներն ամեն ինչ ունեն, նրանք լավ կյանքով են ապրում։ Աստված ամեն ինչ կանի, ամեն ինչ կկարգավորի»։
Վաֆա
«Ես գիտեմ, թե ով են նրանք, այդ զզվելի արարածները, որ գլուխներն այդքան բարձր են պահում։ Ատում եմ ԴԱԻՇ-ն ու այն հիմնողներին»։
Մահա
«Մամ, պատասխանիր ինձ, մամ, ինչո՞ւ չես արձագանքում։ Այսօր ուրիշ վայր ենք տեղափոխվել, չգիտեմ՝ էլ երբ կապ կգտնեմ։ ԴԱԻՇ-ի զինյալներն ամենուր են, վախենում եմ, որ էլ չեմ կարողանա այստեղ գալ ու քեզ հաղորդագրություն ուղարկել։ Ես վախենում եմ։ Օդաին չափից դուրս հոգնած է, ուժասպառ»։
Վաֆա
«Քաղցրս, եթե կարծում ես, որ այդ վայրն ավելի վտանգավոր է, ապա մի լքիր։ Ես չեմ կարող ապրել, չեմ դիմանա, եթե ձայնդ չլսեմ»։
Մահա
«Ուրախ Ռամադան, մամ, լավագույնն եմ մաղթում: Ես վշտացած եմ։ Գյուղը, ուր տեղափոխվել ենք, ամեն ինչից առանձնացած ու անապատանման վայր է։ Ամեն ինչը թանկ է այստեղ՝ ուտելիքը, մրգերը, բանջարեղենը, միսը․․․ Չեմ կարողանում Օդաիի համար կաթ գնել։ Մանկական տակդիրները շատ թանկ են։ Շատ դժվար, համարյա անհնար է Օդաիի համար կաթ հայթայթելը»։
Վաֆա
«Ուրախ Ռամադան, քաղցրս։ Երանի այստեղ լինեիր, ինձ հետ։ Թող աստված մեզ երկուսիս միացնի։ Դու և Օդաին, թող աստված մեզ միացնի։ Սա է իմ երազանքը։ Հիմա ավելին կորցնելու ոչինչ չունեմ»։
Մահա
«Այսօր ականատես եղանք, թե ինչպես է ԻԼԻՊ-ի կրոնական ոստիկանը հագնում ինքնասպանի գոտին։ Նա արնահոսում էր։ Հենց այն գյուղում, ուր հիմա ապրում ենք։ Հետո նրան տարան։ Մենք մահու չափ վախեցել էինք»։
«Մենք ուժասպառ ենք եղել։ Վախենում եմ, որ չեմ դիմանա ու ինքնասպան կլինեմ։ Որդիս հիվանդ է, ես ինքս էլ եմ հիվանդ, ու պարտված (լացում է)։ Առավոտից իրիկուն նույն վիճակն է»։
«Բարև, մամ։ Ինչպե՞ս ես։ Հանիր ինձ այս ահավոր վիճակից։ Հոգնած եմ, տղաս ուժասպառ է եղել։ Աղաչում եմ՝ հանիր ինձ այս վայրից։ Չեմ կարող երկար խոսել։ Պատկերացում անգամ չես կարող ունենալ, թե ինչ վիճակում ենք։ Հանիր ինձ այստեղից, խնդրում եմ։ Եթե ինձ չկարողանաս այստեղից հանել, վախենում եմ, որ վերջ կտամ կյանքիս։ Կաղաչեմ մինչև վերջին շունչս, հանիր ինձ այստեղից, խնդրում եմ»։
Վաֆա
«Քաղցրս, գիտեմ, որ զրկված եք ամեն ինչից։ Երդվում եմ՝ գիտեմ։ Երդվում եմ՝ ոչինչ չեմ կարողանում անել։ Մեռնում եմ այստեղ, հոգնել եմ նույն բաները կրկնելուց»։
«Մամ, փրկիր ինձ, փրկիր։ Մենք դժոխքում ենք ապրում, դժոխքում։ Փրկիր ինձ։ Որդիս մահանում է կողքիս։ Փրկիր ինձ։ Եթե սիրեիր ինձ, ապա կփրկեիր։ Եթե սիրեիր ինձ, ապա կփրկեիր։ Մի թող ինձ այս իրավիճակում, փրկիր ինձ»։
Վաֆա
«Քացրս, մարդ չի մնացել, որ հետը խոսացած չլինեմ։ Խոսել եմ լրատվամիջոցների, բժիշկների հետ, անգամ Նիդերլանդների փախստականների կազմակերպության։ Խնդրում եմ, համբերիր։ Երդվում եմ, որ քեզ կփրկեմ այդտեղից»։
Մահա
«Մամ, փորձիր, խնդրում եմ, փորձիր ամեն հնարավոր բան։ Մենք ոչինչ չունենք այստեղ։ Ո՛չ ուտելու բան ունենք, ո՛չ էլ խմելու բան։ Խառնաշփոթ է տիրում այստեղ։ Մամ, անգամ նվազագույն պայմաններ չկան այստեղ։ Փորձիր ամեն ինչ, փրկիր ինձ ու Օդաիին։ Եթե սիրում ես ինձ, աղաչիր բոլորին՝ լրագրողներին, բժիշկներին․․․ նրանց բոլորին»։
«Որդիս ջրազրկվել է, դրա պատճառով նրա մոտ լուծ է առաջացել։ Ուտելու ոչինչ չկա, որդիս մահանում է աչքիս առաջ։ Փորձիր, իմ հույսը դու ես, մամ, փորձիր։ Դու գիտես, որ այն, ինչ անում եմ, շատ ռիսկային է, բայց ես գնում եմ դրան և քեզ հաղորդագրություններ ուղարկում»։
Հունիսի 20, 2017
Վաֆա
«Թող անիծվեն նրանք, քաղցրս։ Նրանք թագավորներին վայել կյանքով են ապրում, ամեն ինչ ունեն։ Միայն մենք ենք, որ տառապում ենք։ Մենք ջախջախված ենք, մեռած»։
Մահան մինչ այսօր էլ, երբ կարողանում է, Ռաքքայից հաղորդագրություններ է ուղարկում իր մայրիկին։
Քաղաքը շարունակում է մնալ ԻԼԻՊ-ի հսկողության տակ։



