Կարմիր հեռախոսախցիկները՝ գմբեթաձև ծածկերով և էմբլեմաներով, վաղուց դարձել են Մեծ Բրիտանիայի խորհրդանիշը: Դրանց յուրօրինակ դիզայնը, որի միտքը պատկանում է Ջայլս Հիլբերտ Սքոթին, առաջին անգամ մրցույթի է ներկայացվել 1924 թվականին: Խցիկները տեղադրվեցին երկրի տարբեր վայրերում՝ սկսած փոքրիկ լոնդոնյան անկյուններից մինչև հեռավոր գյուղեր:  

Այսօր՝ ավելի քան 90 տարի անց, այս կարմիր խցիկներն անդադար օգտագործվում են զբոսաշրջիկների կողմից սելֆիներ անելու համար, մինչդեռ սմարթֆոնների ի հայտ գալուց հետո դրանք կորցրել են իրենց հիմնական նշանակությունը: Դրանցից շատերը պահպանվել են տեղի ձեռներեցների ջանքերով, որոնք նոր եղանակներ են գտել դրանք հանրությանը ներկայացնելու համար:

Խցիկ-սրճարան և աքսեսուարների վաճառք

Հեռահաղորդակցման ընկերություն British Telecom-ը հետաքրքիր ծրագիր է ստեղծել «Ընդունիր հեռախոսային խցիկը» խորագրով, որի արդյունքում խրախուսել է գործարարներին և այլ կազմակերպությունների ձեռք բերել այս խցիկներն ընդամենը 1 ֆունտ ստերլինգով՝ վերջիններիս նոր կյանք տալու համար: Երկու գործարարներ՝ Էդվարդ Օտտուելլն ու Սթիբ Բիքենը որոշեցին օգտագործել քաղաքային ճարտարապետության այս տարրը որպես արևային ակնոցների և գլխարկների վաճառքի կետ: Նրանք ստեղծեցին «Կարմիր խցիկ» ընկերությունը և պլանավորեցին ամբողջ երկրի տարածքում այսպիսի 500 խցիկ տեղադրել:

Էդվարդն ու Սթիվը օգնեցին նաև Ումար Հալիդին այսպիսի մի խցիկ էլ վերածել գունավոր սրճարանի՝ «Կապե Բարակո» անունով, որն իր հերթին Instagram-ում և Facebook-ում տարածված բազում լուսանկարների մի մասը դարձավ:

Հեռախոսախցիկ՝ ինտերնետ-սրճարանի դերում

Կարմիր խցիկները հիմնականում ասոցացվում են Անգլիայի մայրաքաղաքի հետ, սակայն դրանց կարելի է հանդիպել նաև գյուղական շրջաններում: Շոտլանդական Մերիուելլ գյուղակում տեղի բնակիչները խցիկը վերածել են փոքրիկ ինտերնետ-սրճարանի, որը թվային օազիս է համարվում շոտլանդական նախալեռներում, քանի որ այդ վայրերում չափազանց բարդ է 3G կամ 4G ազդանշաններ գտնելը:

Խցիկ-գրադարան

Լոնդոնի հարավ-արևելքում այսպիսի մի խցիկից ստեղծել են «Լյուշիմա» միկրոգրադարան, որը շատ է դուր եկել բնակիչներին: Նրանց խոսքերով՝  ի սկզբանե վախենում էին վանդալների հարձակումներից, սակայն, փաստորեն, մտածմունքներն իզուր էին:

Աշխատավայր

Եվս մեկ ընկերություն, որն օգտագործում է հեռախոսախցիկները, Pod Works-ը, ռետրո-խցիկները վերածում է զբոսաշրջիկների համար աշխատանքային վայրերի: Խցիկներում տեղադրվում են տպիչներ, էկրաններ, տաք ըմպելիքների ապարատներ: Pod Works-ի գործադիր տնօրենն ասում է, որ իրենք փորձում են այս խցիկները հարմարեցնել XXI դարին:

Մշակութային ժառանգության պահպանում

Բրիտանիայի փողոցներն այս տարի զարդարեցին երկու ժամանակակից հեռախոսախցիկներ՝ Links-ը British Telecom-ից, որտեղ տեղադրված կլինեն գովազդներ և զանազան տեղեկատվություն պարունակող էկրան, ինչպես նաև Wi-Fi սարք և World Pay Phones-ը՝ ավանդական գմբեթաձև ծածկով: Պրոֆեսոր Լինգը բացատրում է, որ հեռախոսախցիկները ևս էվոլյուցիայի են ենթարկվել, և չնայած որ կարմիր խցիկները համարվում են պատմական արժեքներ, միևնույն է, ժամանակի ընթացքում դրանց մի մասը պետք է վերացվի, որպեսզի ժամանակակից հաղորդակցման սարքեր տեղադրվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել