BBC-ի լրագրող և կինոեժիսոր Բենջամին Զանդը ճանապարհորդության է մեկնել դեպի Պակիստան՝ վայր, որը հաճախ ասոցացնում են թալիբների հետ: Նրա այցելության նպատակը երիտասարդ մարդկանց հետ ծանոթանալն էր, որոնք ապրում և աշխատում են իրենց երկրի բարօրության համար: Չնայած այն բանին, որ Պակիստանն ասոցացվում է սահմանափակված քաղաքականության և թալիբների կողմից գործադրվող ճնշումների հետ, այստեղ ապրում են շատ մարդիկ, որոնք պայքարում են պետության «իմիջը» կարգավորելու համար:

Կարաչին, որը գտնվում է Պակիստանի հարավում՝ Արաբական ծովի ափին, համարվում է ամենավտանգավոր քաղաքը հանցագործության մակարդակով: Սակայն վերջին տարիների ընթացքում ոստիկանության քրտնաջան աշխատանքների շնորհիվ այն ավելի անվտանգ է դարձել: Քաղաքին ծանոթանալու համար Բենջամինը ճամփորդել է տուրիստական ավտոբուսով: Էքսկուրսավարը պատմում էր, որ Կարաչիի բնակիչները քաղաքում արտասովոր խորություն են տեսնում, որը թաքնված է տեղի մշակույթի, ճարտարապետության և կենսաձևի մեջ: Այստեղ շատ բան կա, որոնք պետք է իմանալ:

Ավտոբուսով շրջագայությունից հետո Զանդն այցելեց Լյարի շրջան, որը Կարաչիի ամենավատ հատվածն է համարվում, քանի որ այս վայրը ամենաշատն է տառապում բանդիտական հարձակումներից: Սակայն տեղի դպրոցի աշակերտներն ասում են, որ այդ հեղինակությունը տեղին չէ շրջանի համար: Լյարիում ապրող ընտանիքները հնարավորություն չունեն իրենց երեխաներին էլիտար դպրոցներ ուղարկելու, սակայն տեղի Կիրանյան դպրոցը երեխաներին մոտիվացնում է սովորել և բժշկի, գիտնականի, ինժեների կամ նկարչի որակավորում ստանալ:

Կիրանի դպրոցը միակ վայրը չէ, որը ոգեշնչում է երեխաներին և երիտասարդներին: ԲԵնջամինը նույն օրը այցելել է Լյարիի կենտրոն, որտեղ անվճար հիմունքներով ֆուտբոլիստների են պատրաստում: Ճիշտ է, համարվում է, որ Պակիստանը սերտորեն կապված է կրիկետի հետ, սակայն Կարաչիի բնակիչները նաև ֆուտբոլի մեծ երկրպագուներ են: Այստեղ նա հանդիպել է Միշալին՝ Կարաչիի կանանց հավաքականի մարզչին: Նահապետական կարգերի պատճառով կին ֆուտբոլիստները լայն ճանաչում չեն ստանում, երբեմն նաև չեն ընդունվում: Մոդեռնիզացիա հաստատելու փորձերը հաճախ դառնում են բողոք-ցույցերի առիթ և անգամ ճնշումների են ենթարկվում թալիբների կողմից: Սակայն նորարարություններ հաստատել փորձողները հավատացնում են, որ աշխատանքի արդյունքը միշտ էլ արդարացնում է ռիսկը:

Երկրում սոցիալական փոփոխության հզոր գործիք է դարձել նաև երաժշտությունը: Տեղի երաժշտական արդյունաբերությանը ծանոթանալու համար Բենջամինը հանդիպել է հայտնի ռեփեր Ալի Գուլ Պիրի հետ, որը հիացրել է իր ազդեցիկ ստեղծագործություններով: Նա երգում է սոցիալական կարևոր խնդիրների մասին և այն մասին, թե ինչքան կարևոր է լինել լավ լիդեր և չվախենալ ոչնչից ինչ-որ բանի հասնելու համար:

Ռեփեր Պիրի ելույթը կայացել է Հայդարբադ քաղաքում սննդային մեծ փառատոնի ժամանակ: Քանի որ կրոնական հարձակումները ժամանակի ընթացքում որոշ չափով կրճատվել են, այսպիսի փառատոներ սկսել են առավել հաճախ անցկացվել: Բենջամին Զանդը խոստովանում է, որ իր յուրաքանչյուր տեսածը խիստ տարբերվում է նրանից, ինչը նստած է մարդկանց գիտակցության և պատկերացումների մեջ Պակիստան պետության մասին:

Ժամանակակից Պակիստանը բազում տարբերակներ է առաջարկում զբոսաշրջային հանգստի համար: Նրանք, ովքեր նախընտրում են պասիվ հանգիստ, առաջարկվում է Քեյփ Մոնզ լողափը՝ իր հարմարավետ սրճարանով և սպորտային հրապարակներով: Տեղի բնակիչները խորհուրդ են տալիս զբոսաշրջիկներին լողափում պտտվել ուղտերով կամ ձիերով: Հրաշալի դիրքը, բյուրեղյա ջուրը և փափուկ ավազը ամեն տարի բազում զբոսաշրջիկների են այստեղ բերում:

Եվս մեկ տեսարժան վայր՝ Լահորի կենդանաբանական այգին, որտեղ բնակվում են 1380 տարբեր կենդանիներ: 2005 թվականից ի վեր այստեղ անց են կացվում գիտական հետազոտություններ, որոնք նվիրված են բույսերի և կենդանիների վերացող տեսակների պահպանմանը: Այցելուների հարմարավետության համար այգու տարածքում գործում են նաև ռեստորաններ:

Գնումների սիրահարներին խորհուրդ է տրվում այցելել «Dolmen Mall»՝ Պակիստանի ամենախոշոր առևտրային կենտրոնը: Կառույցն ապահովված է բոլոր հարմարություններով, որոնք անհրաժեշտ են որակյալ գնումներ կատարելու և զվարճանալու համար: Այստեղ գործում են տեղական և համաշխարհային շատ բրենդների կետեր, տնային տնտեսության համար անհրաժեշտ խանութներ, գրախանութ, ինչպես նաև ֆուդկորտ:

Երկրի հյուրերը կարող են այցելել նաև պատմական թանգարաններ և տաճարներ, զվարճանքի կենտրոններ, այլ լողափեր և հանգստյան վայրեր: Պակիստանը բոլոր պայմաններն առաջարկում է որակյալ զբոսաշրջության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել