Մեկնարկում է «Հայաստանի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանը, որը կրկին բացահայտելու է տաղանդավոր և նոր արտիստների: Նախագիծը ներկայանալու է ժյուրիի նոր կազմով և նոր տաղավարով:

«Այս տարի մասնակիցների թիվն անհամեմատ ավելի մեծ է: Նախորդ եթերաշրջաններում 1000-1500 մասնակից ենք ունեցել, այս տարի թիվն աճել է: Այս տարի շատ են դիմորդները Հայաստանից. ի դեպ, կան մասնակիցներ, ովքեր իրենց ուժերը կրկին են փորձում»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց նախագծի գլխավոր պրոդյուսեր Իրինա Վարդանյանը: 

Այս եթերաշրջանում ժյուրիի երեք անդամները նոր են: Իրինան նշում է, որ, ըստ ֆորմատի, ժյուրիի մեկ փորձված անդամ ունենալը ցանկալի է. «Մասնակիցները ոգևորությամբ են սպասում լսումների փուլին: Խորհուրդ եմ տալիս նրանց լինել հետաքրքիր և ամենակարևորը` տարբերվող: Հոլանդական «Տալպա» ընկերության կողմից աշխարհահռչակ «Ձայն» նախագիծն առաջին հերթին փնտրում է վառ ձայներ և վոկալային ուժեղ տվյալներ: Շատ կարևորում ենք նաև երգերի ընտրությունը: Մենք մասնակիցների կողքին ենք և կաջակցենք ճիշտ ընտրություն անելու հարցում: Այս ամենից հետո մեր մասնակիցների հետ կաշխատեն պրոֆեսիոնալ վոկալիստներ»:

Նշենք, որ նախ` դիմորդները կանցնեն լսումների փուլը, որի արդյունքում կընտրվի մոտ 200 մասնակից, որոնց լսումների տեսանյութերը կազմակերպիչները կուղարկեն Հոլանդիա՝ Տալպա ընկերություն՝ «Ձայնը» նախագծի գլխամաս։ Հենց այնտեղ էլ կընտրվի 125 մասնակից, որոնք կմասնակցեն «Կույր լսումներ» փուլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել