Արդեն առիթ ունեցել եմ տեղեկացնելու, որ առաջիկայում բանակում և հատկապես առաջնագծում մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվելու, որոնք էականորեն ազդելու են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման վրա:
Եվ այսպես՝ Արցախում ներկայումս ուսումնասիրվում և հաշվարկվում են առաջնագիծը մշտապես խմելու ջրով պահելու հարցը: Պիլոտային ծրագիրը բարեհաջող իրականացվել է Ջրականում (նախկինում՝ Ջաբրայիլ, որոշ դիրքեր ապահովված են մշտական ջրով):
Առաջնագծում ծառայած և ծառայող մարդիկ լավ գիտեն այս ծրագրի իրական էֆեկտիվությունն ու գինը, իսկ զինծառայողների հետ անցկացվող զրույցների ժամանակ այս ծրագրի իրականացումն ամենանախընտրելիներից է:
Ծրագրի ներդրումը մեծ թվով խնդիրներ կլուծի. առաջին հերթին զինծառայողներին օրվա ընթացքում անսահմանափակ քանակությամբ ջրի օգտագործման հնարավորություն կընձեռվի: Երկրորդ՝ ջրի մեքենաները մշտապես հակառակորդի թիրախում են և անվտանգության առումով լուրջ խնդիրներ են ստեղծում վարորդների համար, ծրագրի իրականացմամբ այս վտանգն ամբողջությամբ կչեզոքացվի: Երրորդ՝ այն կապահովի ֆինանսական մեծ տնտեսումներ: