Կստորագրվի Հայաստան-ԵՄ քաղաքական բնույթի համաձայնագիրը, որը նախատեսվում է անել նոյեմբերին Բրյուսելում։ Կստորագրվի այն, թե ոչ, կախված է բացառապես արտաքին որոշ իրավիճակներից: Սա Հայաստանի երկրորդ փորձն է արտաքին քաղաքական հարցերում իր դիրքերը բալանսավորման բերելու, ու պարզ է, որ այն տեղի չի ունենալու ԵԱՏՄ անդամ երկրների հավանությամբ: Առանց այն էլ Հայաստանը նրանց համար ճիտին պարտք է, ու մեկ անգամ չէ, որ Բելառուսի ու Ղազախստանի նախագահները անհամաձայնություն են հայտնել Հայաստանի կամ նրան վերաբերող ինչ-ինչ հարցերի շրջանակներում: Հիմա, ամենայն հավանականությամբ, քանի մոտենա աշունը, այնքան լարվելու են հարաբերությունները թե՛ Հայաստանի ներսում ու թե՛ դրսում: Արևմուտքն էլ իր հերթին դեսպանների ջանքերով սրում է իրավիճակն ու Հայաստանին ընտրության առաջ կանգնեցնում: Բնականաբար, ոչ ուղղակի կերպով: Սակայն, օրինակ, երբ Պյոտր Սվիտալսկին խոսում է Հայաստանում ԿԸՀ դերի բարձրացման մասին ու հորդորում հանրային սեկտորին ներգրավել անդամների ընտրության հարցում, որն իր հերթին առաջացնում է իշխող ուժի դժգոհությունը, ապա ինչ է դա, եթե ոչ ճնշում: Թեպետ սրա հետ մեկտեղ դեսպանը մեծահոգաբար հայտարարում է նաև, որ, անկախ ամենից ինչից, համաձայնագիրը ստորագրվելու է, ու ինչպես 2013 թվականին, այնպես էլ հիմա, ընտրությունը պիտի լինի Հայաստանինը: Արդյոք Հայաստանը կհանդգնի տարածաշրջանում դառնալ այն ունիկալ երկիրը, ով, լինելով մի միության մեջ, քաղաքական համաձայնագիր է ստորագրում բացառապես այլ միության հետ, ցույց կտա ժամանակը, ու հուսանք՝ դա հենց այդպես էլ կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել