Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում էր Ծաղկազարդը, տոն, որ խորհրդանշում է ՏերՀիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Այս օրը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմիցհռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր, ինչը նշանակում է, որ Ս. Պատարագիավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության հատուկարարողություն:
Տոնի խորհրդի մասին գրառել եմ առավոտյան: Ծաղկազարդն իմ ամենասիրելի եկեղեցական տոներից է, լուսավոր, գունավոր, գեղեցիկ տոն է, ու գեղեցիկ է նաեւ խորհուրդը:
Այսօր այցելեցինք Սբ. Սարգիս եկեղեցի: Ընկերոջս հետ դեռ չէինք մոտեցել եկեղեցուն, բայց հեռվից արդեն տեսարանը հուսադրող չէր: Եկեղեցի տանող երկու մայթերը լի էին առեւտրականներով ու տարատեսակ ծառուծաղիկով: Գոռգոռում են ու Ծաղկազարդին վերաբերող ապրանքներ են առաջարկում. ծաղիկներ, բույսեր, ծղոտներ, անգամ` արհեստական գունավոր ծաղիկներ: Իսկական շուկա, կողքին էլ` եկեղեցի: Մարդիկ «10 հատ մոմ` 200 դրամով» առաջարկով մտել էին անգամ եկեղեցի. հա, հա, եկեղեցու ներսում առեւտուր են անում, առաջարկում են մոմ գնել: Եկեղեցում անընդհատ աղմուկ էր, շարժ, խոսակցություններ: Մի պահ փակեցի աչքերս, փորձեցի չլսել աղմուկը, այլ լսել աստվածային շարականը: Չստացվեց. աչքերս փակ մի քանի վայրկյան էլ կանգնեի` կտրորեին ինձ… Ես ու ընկերս նույն պահին իրար նայեցինք. դուրս գանք, այս պայմաններում եկեղեցին տեսնել չենք կարողանում:
Դուրս եկանք, անցանք մինի շուկայի միջով ու հասանք փողոց:
Ես չեմ ցանկանում տեսնել Հայ Առաքելական Եկեղեցին այս վիճակում, իմ Հայ Առաքելական Եկեղեցին խորհրդավոր ու ակնածանք-լռությամբ լի է, եկեղեցին Աստծո տունն է: Սակայն եկեղեցական բոլոր տոներին եկեղեցում այս տեսարանն է. կարծես մարդիկ մոռանում են, որ եկեղեցի են մտնում: Սա եկեղեցի մտնող յուրաքանչյուր մարդու խնդիրն է. նա ինքն իր համար պիտի պատասխանատվություն կրի, լռություն ու հարգանք պահպանի:
Իսկ տոն օրերին եկեղեցու տարածքն առեւտրական գոտու չվերածելու համար կարելի է պարզապես արգելել մարդկանց եկեղեցուց որոշակի հեռավորությունից մոտ առեւտուր անելը:
Պարզապես կարծում եմ` Հայ Առաքելական Եկեղեցին բոլորինս է ու այն ամեն կերպ պաշտպանելը բոլորիս գործն է:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել