Հունիսի 26-ից Դիլիջանում տեղի ունեցավ Ucom ընկերության նախաձեռնած «Մեդիա բովանդակություն 2017» եռօրյա համաժողովը, որի նպատակն է նպաստել հայաստանյան ու միջազգային հեռուստաբովանդակության մատակարարների շարունակական գործակցությանը և փորձի փոխանակմանը:   

«Մենք կարևորում ենք միջազգային կոնտենտի առկայությունը մեր ցանցում։ Մեր նպատակն է միջազգային կոնտենտ արտադրողների հետ համատեղ ունենալ նոր նախաձեռնություններ։ Նմանատիպ փորձ ունեցել ենք Discovery հեռուստաալիքի հետ և  նախաձեռնել էին մրցույթ, որտեղ հաղթած պատանիները նորարարական լուծումներ էին առաջարկել:  Մենք ձգտում ենք ամեն կերպ ընդլայնել միջազգային ընկերությունների հետ գործակցության շրջանակը»,– ասաց  Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:  

Համաժողովին ներկա էին տարբեր հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ: Բելարուսի Հանրապետության  Նավիգատոր TV–ի ներկայացուցիչ, Տիխանովիչ Վոդիմը նշեց, որ կարելի է դրականորեն նախանձել Հայաստանին՝ ծրագրերը նկարահանելու առումով։

Համաժողովին ներկա էր Արմենիա TV-ի գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը, Ucom ընկերության հեռուստատեսային ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի բովանդակության հարստացման վրա աշխատող անձնակազմն ու դերասանները՝ Խորեն Լևոնյանը և Հայկ Մարությանը:  

«Մեր համագործակցության արդյունքում չենք վախենում իրականացնել էքսպերիմենտալ նախագծեր։ Փորձը ցույց է տվել, որ հենց նման նախագծերի մեջ է ծնվում որակը։ Առաջ քայլելով` մենք կարողանում ենք ստեղծել նոր ձևաչափեր, նոր ժանրեր։ Մեծ գնահատական ենք տալիս ստեղծագործական ազատությանը և էքսպերիմենտալ նախագծեր անելու հնարավորությանը, ինչի համար շնորհակալ ենք մեր գործըներոջը` Ucom ընկերությանը»,– ընդգծեց Դավիթ Բաբախանյանը։

Դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը, խոսելով հայկական կոնտենտի մասին, նշեց, որ այն մրցունակ է միջազգային հարթակում։ «Իրականում շատ կարևոր հարց է, որ հայկական արտադրանքի կոնտենտը հեռարձակվի այլ երկրնրում։ Հայկական շուկան շատ փոքր է սպառման համար։ Եթե կոնտենտը ճիշտ ձևով արտահանենք, դա մեզ հնարավորություն կտա հետագայում ավելի նոր և մեծ  նախագծեր իրականացնել»,– հավելեց Հայկը։

Համաժողովի ընթացքում Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը համապարփակ գործակցության մասին վկայող հավաստագրեր հանձնեց միջազգային գործընկերներին, ինչպես նաև «Պանարմենիան մեդիա գրուպին»` հույս հայտնելով, որ այդ գործակցությունը ոչ միայն շարունակական կլինի, այլև կնպաստի ընկերությունների բիզնես նպատակների իրականացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել