Երևանում գյուղ ստեղծելու ու դրանով զբոսաշրջիկ գրավելու գաղափարը վատ չէ, իհարկե, սակայն հարց է առաջանում, թե այս պահին Հայաստանը ի վիճակի՞ է նման պրոյեկտ անելու, թե՞ ոչ։ Հարցը փողը չէ, փող, ոնց էլ չլինի, մի տեղից կգտնվի, սակայն ավելի լավ չէ՞ արդյունավետ տնօրինել այդ միջոցներն ու դրա փոխարեն գյուղի ճանապարհները սարքել։ Դիցուք՝ Լոռու մարզի Դսեղ ու Օձուն գյուղերի միջակայքն անցնում է Հայաստանը Վրաստանի հետ կապող միջպետական ճանապարհով։ Ճանապարհը շուտով պատրաստ կլինի, սակայն գյուղ տանող ճանապարհների վիճակն ահավոր է։ Ամառվա եղանակին Երևանը զբոսաշրջիկներին այնքան էլ չի կարող գրավել, ինչքան որ հով գյուղերը, որտեղ կարելի է գրագետ փիառի դեպքում նաև հզոր արդյունք ստանալ՝ հենվելով գյուղական ավանդույթների ու սովորույթների վրա։ Ե՛վ ծախսը ավելի քիչ կլինի, և՛ որակ կարելի է ստանալ։ Բացի այդ՝ ամեն ինչ չի կենտրոնանա միայն Երևանի վրա, որտեղ առանց այն էլ քայլելու տեղ չկա, էլ ուր մնաց՝ գյուղ կառուցվի։ Դրա փոխարեն հին Երևանի գաղափարը այդպես էլ կյանքի չի կոչվում, որի մեղավորը հաստատ զբոսաշրջիկները չեն։ Ինչու, ասենք, Թբիլիսին կարողանում է նման նախագիծ իրականցնել, ռեստավրացնել քաղաքի հին շենքերն ու տները, իսկ Հայաստանում եղածն էլ քանդում են։ Սրանք խնդիրներ են, որոնց պետք է ուշադրություն դարձնել, ու ավելի լավ է այս պարագայում ոչ թե գլխից բռնել, այլ մանրից գալ ու վերջում հասնել նշանակալից արդյունքի։ Փակ սահմանների պարագայում տուրիզմը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ակտուալ ճյուղերից մեկը, սակայն կարծում ենք, որ խնդիր կա վերանայելու ոլորտի առաջնահերթությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել