Tert.am-ը գրում է.

Միջազգային կառույցների հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու վերաբերյալ որոշակի զսպող գործիքներ են և հիմնականում նպատակ ունեն սահմանափակելու Ադրբեջանի ռազմատենչ ախորժակը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր, ԼՂ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը: Նրա խոսքով, սակայն, դրանցում ամրագրվող նպատակին հասնելու համար, հայտարարություններին պետք է հետևեն կոնկրետ գործողություններ:

- Վերջերս միջազգային կառույցները ակնհայտ  հետաքրքրություն են դրսևորում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Նախ` ԵԱՀԿ Մինսկի խումբը  հասցեական հայտարարությամբ  հանդես եկավ, հետո ՆԱՏՕ-ից եղավ մեկնաբանություն այն մասին, որ իրենք անհանգստացած են տարածաշրջանում սպառազինության աճի մեծացմամբ, ապա ԱՄՆ պետդեպը արտահայտեց իր մտահոգությունը, երեկ էլ՝ ՄԱԿ-ը: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այս չափ բևեռացումը խնդրի վրա:

- Վերջին շրջանում միջազգային կազմակերպությունների և աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների կողմից ղարաբաղյան կարգավորման թեմայի վերաբերյալ տարածվող հայտարարությունները հիմնականում պայմանավորված են Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը սահմանափակելու և տարածաշրջանում հնարավոր էսկալացիան կանխելու հրամայականով:

Կարծում եմ՝ միջազգային հանրությունը, վերջապես, սկսել է գիտակցել, որ Ադրբեջանը օգտվում է իր պասիվ կեցվածքից և անհրաժեշտ է պարբերաբար հիշեցնել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հատկանշական է, որ բոլոր հայտարարություններում կողմերին կոչ է արվում զերծ մնալ լարվածության աճից և շարունակել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մոտեցումն ամբողջովին համապատասխանում է հայկական կողմի վարած քաղաքականությանը:

Կարևոր է նաև այն, որ բոլոր հայտարարությունները հղում են տալիս ԵԱՀԿ ՄԽ-ին՝ որպես հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի, ինչը, կարծում եմ, հիշեցնում է Ադրբեջանին, որ բանակցային ձևաչափը փոխելու և այլ ատյաններ տեղափոխելու ցանկություններն ու այս ուղղությամբ ջանքերը մատնված են ձախողման:

Խոսելով դրանց օգտակարության մասին՝ հարկ է նշել, որ այս մեկնաբանությունները որոշակի զսպող գործիքներ են, և հիմնականում նպատակ ունեն սահմանափակելու Ադրբեջանի ռազմատենչ ախորժակը: Սակայն դրանցում ամրագրվող նպատակին հասնելու համար, հայտարարություններին պետք է հետևեն կոնկրետ գործողություններ:

Շարունակությունն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել