Տարբեր հաղորդումներում, հրապարակումներում ասում և գրում են, որ մեր մետրոն ամենափոքրն է աշխարհում, բայց դա չի համապատասխանում իրականությանը։

Աշխարհի ամենափոքր մետրոպոլիտենները Դնեպրում (Ուկրաինա), Թավրիզում (Իրան) և Մարակայբոյում (Վենեսուելա) են։

Մարակայբոյի մետրոպոլիտենի առաջին կայարանը բացվել է 2006թ․ նոյեմբերի 25-ին։ Այդ մետրոյի ընդհանուր երկարությունը 6,5 կմ է, առկա է 6 կայարան։

Թավրիզի մետրոն բացվել է 2015թ․ օգոստոսի 28-ին։ Մետրոյի գծերի ընդհանուր երկարությունը 7 կմ է (6 կայարան)։

Նախկին ԽՍՀՄ երկրներում 1991թ․ հետո միայն Դնեպրում, Կազանում և Ալմաթիում են կառուցվել նոր մետրոպոլիտեններ։

Դնեպրի մետրոպոլիտենի ընդհանուր երկարությունը 7,1 կմ է։ Բացվել է 1995թ․ դեկտեմբերի 29-ին, կայարանների քանակը 6-ն է։

Իսկ Ալմաթիում մետրոպոլիտենը գործարկվել է 2011թ․ դեկտեմբերի 1-ին, գծերի երկարությունը 11,3 կմ է (9 կայարան)։

Կազանի մետրոն բացվել է 2005թ․ օգոստոսի 25-ին, կայարանների քանակը, ինչպես Երևանում, տասն է, գծերի ընդհանուր երկարությունը 15,8 կմ է։

Ընդհանուր առմամբ՝ ԽՍՀՄ-ում կառուցվել է 13 մետրոպոլիտեն՝ Մոսկվա (1935), Լենինգրադ` այժմ Սանկտ-Պետերբուրգ (1955), Կիև (1960), Թբիլիսի (1966), Բաքու (1967), Խարկով (1975), Տաշքենդ (1977), Երևան (1981), Մինսկ (1984), Գորկի՝ այժմ Նիժնի Նովգորոդ (1985), Նովոսիբիրսկ (1986), Կույբիշև՝ այժմ Սամարա (1987) և Սվերդլովսկ՝ այժմ Եկատերինբուրգ (1991)։

Ամենախոշորը Մոսկվայինն է, գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 346,6 կմ, կայարանների քանակը 206-ն է։ Նախկին ԽՍՀՄ տարածքում ամենափոքրը Դնեպրինն է (6 կայարան), այնուհետև՝ Եկատերինբուրգինն է՝ 9 կայարան և Երևանինը, Սամարայինը ու Կազանինը՝ 10-ական կայարան։

Աշխարհի խոշորագույն մետրոներն են՝ ըստ կայարանների քանակի՝ Նյու Յորքինը (468 կայարան), ըստ գծերի երկարության՝ Պեկինինը (456 կմ) և Շանհայինը (437 կմ), ըստ օրական և տարեկան ուղևորահոսքերի՝ Տոկիոյինը և Մոսկվայինը։

Տոկիոյի մետրոյի տարեկան ուղևորահոսքը կազմում է 3․174 միլիոն ուղևոր, իսկ Շինջուկու կայարանով օրական անցնում է 2 միլիոն, որը համարվում է ամենածանրաբեռնվածն աշխարհում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել