Tert.am-ը գրում է.

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Tert.am-ի հետ զրույցում այսօր ԱԺ-ի կողմից ընդունված կառավարության ծրագրում երեք դիտարկում ներկայացրեց. առաջինը վերաբերում էր ծրագրի բովանդակությանը, երկրորդն այն բանին, թե ովքեր են այն իրականացնելու, երրորդը՝ ինչպես:

«Բովանդակային առումով իրատեսական ծրագիր է, սակայն այս ծրագրում, ինչպես նախորդ բոլոր ծրագրերում, ճանաչողական մակարդակը բավական նվազ նշաձողի վրա է: Այսինքն՝ ՀՀ-ում դեռևս հաշվառված չեն այն ռեսուրսները, որոնք պետք է օգտագործվեն»,-ասաց նա և նշեց, որ Կառավարությունն առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնի մարդկային ռեսուրսների հաշվառմանը, թե որ ոլորտներում որքան մասնագետներ կան:

«Կառավարությունը չի կատարել ախտորոշում, ինչի մասին 25 տարի է, ինչ ասում եմ»,-ասաց տնտեսագետը և նշեց, որ այն պետք է աներ ռազմավարական կենտրոնը: Ըստ նրա` չի կարելի այլ երկի «copy-paste»-ի տարբերակով կազմել Հայաստանի զարգացման տեսլականը, քանի որ այն պետք է բխի Հայաստանի առանձնահատկություններից, տարածաշրջանային զարգացումներից և գլոբալ մարտահրավերներից:

«Կառավարության ներկայացրած ծրագիրը, կարծում եմ, երկիրն առաջ կտանի ավելի դանդաղ քայլերով, քան պատկերացնում եմ: Կարծում եմ՝ նշաձողը պետք է ավելի բարձր վերցնել՝ առանց երկչոտության: Ես չեմ կարծում, որ այն հավակնոտ ծրագիր է, այն կարող է քայլ առաջ լինել, սակայն դա այն չէ, ինչ մենք կարող ենք անել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել