Panorama.am-ը գրում է.

Ցավալի է, որ ՀՀ իշխանությունները փորձում են շատ մտահոգ մարդու՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի բարի խորհուրդը ներկայացնել այլ լույսի տակ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարի այն խոսքերին, թե Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Պյոտր Սվիտալսկին փորձում  է միջամտել ՀՀ ներքին քաղաքականության հարցերին։

«Մենք՝ հայերս, լսելու մշակույթ չունենք։ Իսկ Սվիտալսկիի խոսքերի մեջ չեմ տեսել մի բան, ինչի մասին ժամանակին չեն բարձրաձայնել քաղհասարակությունը կամ բազմաթիվ քաղաքական ուժեր։ Մենք ինքներս գիտակցում ենք, որ Հայաստանին պետք են ԵՄ-ի հետ հարաբերություններ։ Դա մեր իսկ շահերից է բխում։ Իհարկե, Հայաստանի հետ հարաբերություններում իր շահերն ունի նաև ԵՄ-ն։ Եվ շատ զարմանալի է, որ փոխադարձ շահերի համընկնումից հետո կողմերի միջև նման իրավիճակ է ստեղծվում։ Այլ խնդիր է, երբ Հայաստանը պարզի, որ եվրոպացի գործիչ սեփական, ոչ թե ԵՄ դիրքորոշումն է հայտնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Թևան Պողոսյանի համոզմամբ, եթե ԵՄ դեսպանի խորհուրդներն ու նկատառումները կարող են նպաստել Հայաստանի առկա քաղաքական վիճակի բարելավմանը, հայկական կողմը պետք է հասկանա, քննարկի և ընդունի դրանք։ Իսկ եթե ՀՀ իշխանություններն ուզում են, որ ուրիշներն իրենց ասածները մինչև վերջ լսեն, պետք է սովորեն ինքները լսել, այդ թվում՝ սեփական հանրությանը։   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել