Իսրայելի Քնեսեթ է ներկայացվել օրինագիծ, որը պարտավորեցնում է Իսրայել պետության Ռազմաքաղաքական կաբինետի բոլոր ներկայացուցիչներին տարեկան մեկ անգամ անցնել ստուգում ստի դետեկտորի միջոցով: 
Նախագծի հեղինակների պնդմամբ, այս նախաձեռնության նպատակն է Ռազմաքաղաքական կաբինետի նիստերից տեղեկատվության հնարավոր արտահոսքերի դեմ պայքարը:
Օրինագծում նշվում է, որ ստուգման արարողակարգը կանցկացվի այն նույն պայմաններով և հիմնավորումներով, ինչ իրականացվում է երկրի անվտանգության ծառայությունների աշխատակիցների և բարձրաստիճան սպաների ստուգման գործընթացի ժամանակ` վերջիններիս կողմից գաղտնի փաստաթղթերից օգտվելու թույլտվություն ստանալու պարագայում:
Իսրայելի Ռազմաքաղաքական կաբինետը, որն այլ կերպ հայտնի է` որպես Իսրայելի անվտանգության հարցերով նախարարական հանձնաժողով, ձևավորվել է 2001թ: և գործում է երկրի վարչապետի ենթակայության ներքո: 
Կաբինետը զբաղվում է պետության ազգային անվտանգության տեսանկյունից խիստ կարևորություն ունեցող հարցերով: 
Կաբինետի կազմի մշտական անդամներն են երկրի վարչապետը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ինչպես Նաև ֆինանսների, ներքին անվտանգության և արդարադատության նախարարները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել