Tert.am-ը գրում է.
Պետական ծառայողների համար նախատեսված բժշկական սոցփաթեթից օգտվելը շարունակում է խնդիր մնալ, քանի որ սոցփաթեթի շահառուներին բուժհաստատություններից տրվող պատասխանը նույնն է՝ «լիմիտը սպառվել է, պետք է հերթագրվեք»։
Սոցփաթեթի շահառու Արմինե Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Մասիսի բժշկական կենտրոնից ուղեգիր է վերցրել, որպեսզի գնա երևանյան այն հիվանդանոցներ, որոնց հետ համագործակցում են՝ համապատասխան անալիզ հանձնելու համար։
««Աստղիկ» ԲԿ գնացի, պատասխանեցին, թե լիմիտը վերջացել է, պետք է հերթագրվել, իսկ դա արդեն երկար ժամանակ էր պահանջում, այնուհետև Համալսարանական թիվ 1 հիվանդանոց գնացի, այստեղ էլ նույն խնդիրն էր։ Որտեղ գնում եմ այդ վիճակն է։ «Արմենիա» ԲԿ որոշեցի զանգեմ, տեղեկանամ իրենց մոտ հնարավոր է, թե ոչ, որպեսզի չհասնեմ հիվանդանոց հերթական անգամ անօգուտ։ Այստեղ ընդհանրապես կապ հաստատել չհաջողվեց, քանի որ և՛ ընդունարանից, և՛ տեղեկատուից երկու օր անընդմեջ զանգերին չպատասխանեցին»,-ասաց նա։
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ բյուջեն շատ սահմանափակ է և դեռ մի բան էլ կրճատվել է, որի պատճառով հիվանդանոցներին հանձնարարված է  հերթագրել։ «Չեն ասում՝ գնացեք,չենք ընդունում, ասում են հերթագրվեք: Դա նորմալ է, բոլոր երկրներում էր եթե մարդն ինքը չի վճարում կամ էլ ապահովագրություն չունի, պետությունն է իր փոխարեն վճարում, այդպես է։ Անգլիայի նման երկրում մինչև 8 ամիս հետո կարող է այդ բուժօգնությունը ստանալ»,-ասաց նա:  

Անահիտ Հայթայանը բացատրեց, թե եղած գումարը բաժանում են տվյալ բժշկական կազմակերպությունների միջև, ովքեր հայտեր են ներկայացրել և պայմանները համապատասխանում են պահանջին: «Մենք փող տալիս ենք կազմակերպությանը, ինքը դա բաժանում է 12 ամսի, և եթե այդ ամսվա իքս գումարն ավարտվում է, ասում է՝ ձեզ հերթագրում եմ հաջորդ ամիս, և այդպես շարունակաբար գոյանում է հերթ, ինչը նորմալ է, հերթը կանոնակարգված է կառավարության որոշմամբ»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել