Սահմանային լարվածության կտրուկ էսկալացումը վերջին 24 ժամում, անշուշտ, իր հիմքում ունի քաղաքական հստակ շարժառիթներ։ Ոմանք հակված են դա ներկայացնելու որպես Ադրբեջանի պատասխան՝ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարություններին, ոմանք էլ՝ ներքաղաքական լարված մթնոլորտը դեպի սահման շեղելու ավանդական ռազմավարություն։

Սակայն դրա մասին չէ, որ ցանկանում եմ խոսել, ոչ էլ անգամ երևելի վիրտուալ զորավարների կուռ շարքերին կմիանամ՝ փորձելով համակարգել ռազմական գործողությունները ֆեյսբուքյան ստատուսների միջոցով։

Մեկ այլ բանի մասին եմ ուզում խոսել, որպեսզի տարբեր պրոֆանների էմոցիոնալ, իսկ երբեմն էլ՝ դիտավորյալ սադրանքների արդյունքում էլի չսկսվի ավանդական վայ-վույը ու «մինչև երբ»-ը։ Խոսենք առաջնագծի տեխնոլոգիական հագեցման, իսկ ավելի կոնկրետ՝ այն մասին, թե ինչու ջերմադիտակներով ու գիշերային տեսանելության սարքերով այսօրվա հագեցվածությունն ի սկզբանե չէր կարող բացառել զոհերը, նամանավանդ որ, ըստ իս, այդ անհարկի ոգևորությունն ու պատրանքը խրախուսվում էր հենց պաշտոնական գերատեսչությունների ու հատկապես ՊԲ-ի կողմից։

Բանն այն է, որ այդ բոլոր թանկարժեք սարքավորումները թեև անհնարին չեն դարձնում, բայց էապես բարդացնում են հակառակորդի համար հետախուզադիվերսիոն գործողությունների հնարավորությունը։ Դրանից ո՛չ ավել, ո՛չ էլ պակաս։ Այդ բոլոր սարքերն ու սարքավորումները ոչ մի պաշտպանություն չեն ստեղծում հրետանու հարվածներից ու մեծ հաշվով՝ նաև դիպուկահարների գործողություններից։ Իսկ 3 զոհ ու 2 վիրավոր մենք տվել ենք հենց հրետանային/հակատանկային միջոցի կիրառման արդյունքում․ հաստոցավոր հակատանկային ՍՊԳ-9 նռնականետով հարված է հասցվել դիրքին, իսկ նման պայթյունը կարող է դիրքի ողջ անձնակազմին շարքից հանել, եթե հարվածը դիպուկ է, իսկ անձնակազմն էլ՝ խիտ-խիտ տեղակայված։

Ու ցավը նրանում է, որ իրականում գոյություն չունի ոչ մի տեխնիկա-տեխնոլոգիական մեխանիզմ, որը թույլ կտար երաշխավորել զոհեր չունենալու բոլորի ցանկությունը։ Քանի այս մարմանդ պատերազմը գնում է, ու խնդիրը չի լուծվել, զոհեր լինելու են։ Այլընտրանքն էլ լայնամասշտաբ պատերազմն է, որի դեպքում զոհեր նույնպես լինելու են ու լինելու են շատ-շատ, թեև, իմ կարծիքով, մենք, ամենայն հավանականությամբ, կկարողանանք հաղթել այդ պատերազմում։ Բայց խնդիրն այն է, որ այդ հաղթանակն էլ հարաբերական կարող է լինել ու եզրահանգվել նոր բնագծերի վրա ֆիքսված նոր ստատուս քվոյով ու էլի տասնամյակներ շարունակվող դիրքային մարմանդ պատերազմով։

Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք, ու այս իրականությունում ամենակարևորը չափազանց զգացմունքային չլինելն է ու տարբեր պրոֆանացիաներին չտրվելը։ Պետք չէ ո՛չ հավատալ, որ մեր զինվորներն անմահ են, իսկ շփման գիծը՝ բացարձակ անառիկ, ո՛չ էլ նրան, որ չի արվում հնարավորը, որպեսզի զոհերի թիվը հնարավորինս քիչ լինի։ Սա է մեր խաչը, որ պետք է քաշենք, որովհետև ուրիշը մեր տեղը դա չի անելու։

Հ․Գ․ Առանձնակի անարգանքներս այս լարված պահին նորից ակտիվացած պացեֆիստ-կապիտուլյանտներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել