«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու ելույթում ես, ճիշտն ասած, ոչ առանձնապես սուր քննադատություն տեսա, ոչ արտառոց Ձևակերպումներ, ոչ էլ, առավել ևս, Հայաստանի ինքնիշխանության հանդեպ նկրտումներ: Այսինչ հարցում լավ է, այնինչ հարցում վատ է, այստեղ առաջընթաց կա, այնտեղ չկա: Նման ելույթներ առաջներում նույնպես ունեցել են թե Սվիտալսկին, թե արևմտյան այլ դիվանագետներ:
Չեմ կարծում, որ նա դուրս է եկել իր դիվանագիտական գործառույթներից: Բայց, եթե նման բան կա, ապա մենք ունենք ԱԳՆ, որը պետք է խստորեն հետևի դեսպանների վարքագծին և սխալ թույլ տված դիվանագետին կանչի նախարարություն ու մատնանշի այդ սխալը: Եթե նման բան չկա, ապա «ներքին գործերին խառնվելու» մասին հայտարարություններին թույլ տվեք չհավատալ:
Վերցնենք այսպիսի մի դեպք: Ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի անդամ Արայիկ Գևորգյանը հայհոյանքներով և սպառնալիքներով հարձակվել է «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի վրա, իսկ ոստիկանությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել՝ հայտարարելով, որ այստեղ հանցակազմ չկա: Ենթադրենք, որևէ դիվանագետ ինչ-որ մի սեմինարի ժամանակ արձանագրում է այդ փաստը: Արդյո՞ք դա կհամարվի ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության հանդեպ: Կարծում եմ՝ ոչ: Դա պարզապես ազդանշան է՝ ուղղված ընտրական հանձնաժողովին և ոստիկանությանը: Կուզեն՝ ուշադրություն կդարձնեն, չեն ուզի՝ իրենց կպահեն «սուվերեն»՝ օրենքից և բարոյականությունից:
Քաղաքական գործիչները, պաշտոնյաները, ինձ թվում է, հակառակը՝ պետք է շարունակեն աշխատել, մասնավորապես, Եվրամիության հետ, դա, բացի օգուտից, ոչ մի այլ հետևանք չի բերի: Օրինակ՝ ընտրական տեղամասերում լուրջ խախտումների էական նվազումն այս օգուտներից մեկն է: Ի՞նչ պետք է անել նվազեցնելու համար վարչական ճնշումն ու ընտրակաշառքը՝ դա զուտ քաղաքական խնդիր է: Սվիտալսկին ճի՞շտ է վարվել, որ մատնանշել է այդ խնդիրը: Վստահ եմ, որ՝ այո, և այստեղ ոչ մի նեղվելու բան չկա:
Այնպես որ, կառաջարկեի իշխանության ներկայացուցիչներին չշարունակել «աբիժնիկական» հայտարարությունները և, ինչպես ասում են, խոսակցությունը տեղափոխել կառուցողական դաշտ: Ո՞րն է այդ դաշտը: Իհարկե, երկխոսությունը՝ ոչ այնքան դեսպանների, որքան սեփական հասարակության հետ:
Իսկ դեսպանները... Նրանք արտահայտում են իրենց երկրների, իրենց կառույցների արժեքային համակարգը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել