Instagram-ի մի աֆրիկաբնակ օգտատեր որոշել է կոտրել Աֆրիկայի մասին մարդկանց մոտ եղած կարծրատիպերը և ցույց տալ, թե իրականում կյանքն ինչպիսին է այնտեղ։

Everyday Africa (Ամենօրյա Աֆրիկան) անունով էջը բացվել է մոտավորապես 5 տարի առաջ և հիմա ավելի քան 340 հազար հետևորդ ունի։ Էջում պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ են հրապարակվում Աֆրիկայի ու աֆրիկացիների առօրյա կյանքի մասին։ Լուսանկարներն այնքան բնական են, որ, կարծես, մտքով տեղափոխվում ես հենց այնտեղ։

Մինչ մարդկանց մոտ շարունակում են Աֆրիկայի մասին մնալ այդ կարծրատիպային պատկերացումները, աֆրիկացի երեխաները ուրախ ու զվարթ մանկություն են վայելում, երիտասարդ աղջիկները սելֆիներ անում, մարդիկ էլ՝ աշխատում, ուտելիք վաճառում․․․

Նախագիծն ուղղված է Աֆրիկային քիչ ծանոթ բոլոր մարդկանց։ Չէ՞ որ գրեթե բոլորը կարծում են, թե այնտեղ շարունակ պատերազմներ են, ծայրահեղ աղքատություն է տիրում, շուրջբոլորը անապատանման չոր տարածքներ են։ Բայց լուսանկարների վրա ընդամենը մի հայացք գցելով կտեսնեք, որ իրականում ոչինչ էլ այդպես չէ։ Լուսանկարները նաև ցույց են տալիս մայրցամաքի մշակութային բազմազանությունը․ Աֆրիկայում կա 55 երկիր և 2000-ից ավելի խոսվող լեզու։

Այս հինգ տարիների ընթացքում էջը շատ մարդկանց է ներշնչել։ Անգամ Խաղաղության կորպուսի որոշ կամավորներ են ներգրավվել նախագծում և իրենց ավանդն ունեցել դրա կայացմանը։ Չնայած Everyday Africa-ն իր տեսակի մեջ առաջինն էր, այժմ նմանատիպ շատ այլ էջեր են բացվել Instagram-ում և սոցիալական մյուս ցանցերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել