Հունիսի 26-ին Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում մեկնարկում է նոր` 25 մասից բաղկացած «Դեպի վայրէջք»  հեռուստանովելը: 25-մասանոց հեռուստասերիալի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը` Անահիտ Մխիթարյանը։ BlogNews.am-ը ներկա է եղել հեռուստանովելի նկարահանումներին:

«Այս նախագծին ավելի պատասխանատվությամբ և նուրբ ենք մոտեցել, քանի որ բարձրաձայնում ենք այնպիսի թեմաների մասին, որոնց մասին շատերը լռում են: Իհարկե, այն, ինչ մենք նկարահանել ենք, ցավոք, կատարվում է մեր հասարակության մեջ»,- պատմում է ռեժիսոր Ելենա Արշակյանը:

Հեռուստանովելում ներկայացվում է թրաֆիքինգի ենթարկված կանանց կյանքը, իսկ դժբախտությունը կատարվում է գլխավոր դերակատարներից մեկի ընտանիքում. «Հեռուստանովելն, իհարկե, ֆեմինիստական տարրեր չի կրում, բայց այս թեման կար և շատ էր արծարծվում. ժամանակն էր բարձրացնելու այս խնդիրը: Մենք ֆիլմում այնպիսի բաներ ցույց չենք տալիս, որ դրանով նեղացնենք կամ վիրավորենք ինչ-որ մեկին»: 

«Դեպի վայրէջք» հեռուստանովելում ընդգրկված են հայկական կինոարտադրության լավագույն դերասանները` Սարգիս Գրիգորյան, Ալեքսանդր Բաբասյան, Էմմա Մանուկյան, Մերի Հակոբյան, Վարդան Հովսեփյան, Էվա Խաչատրյան և այլք: Ինչպես Ելենան նշեց, դերասանների առջև խնդիր էր դրված մաքսիմալ կերտել բարդ, էմոցիոնալ կերպարներ. «Կան դերասաններ, որոնց վաղուց գիտեմ, և կան դերասաններ, ում հետ նոր եմ աշխատում: Բավականին հետաքրքիր է Սարգիս Գրիգորյանի հետ աշխատելը, շատ պրոֆեսիոնալ դերասան է, բավականին հեշտ է կարողանում տարբեր իրավիճակներից դուրս գալ, և այսպես կարող եմ խոսել յուրաքանչյուրի մասին»: Ի դեպ՝ հեռուստանովելում առաջին անգամ նկարահանվում է Սարգիս Գրիգորյանի դուստրը՝ Յանան, ով նկարահանման վերջին օրն իր խաղով հուզել է ամբողջ ստեղծագործական կազմին. «Նախ՝ շատ սթրեսային էին այդ տեսարանները, որովհետև դժվար է երեխային հասցնել այդ վիճակին, և երբ նկարահանումներն ստացվում էին, բոլորս ծափահարում էինք Յանային, որպեսզի նա ոգևորվի»:

Ռեժիսորը նաև բացահայտում է, որ ֆիլմում բաց տեսարաններ կան մի քանի դերասանների մասնակցությամբ, ովքեր ոչ թե իմիտացիա են անում, այլ ամեն ինչը դերասանական իրական խաղ է. «Ես հարգում եմ յուրաքանչյուր դերասանի ընտրությունը, քանի որ նա է որոշում՝ նկարահանվել նման տեսարանում, թե ոչ: Ես հարգում եմ դերասանի մասնագիտությունը, երբ իրեն պրոֆեսիոնալ է մատուցում: Մենք դերասանների հետ ունենք պայմանավորվածություն, որ այս ֆիլմում չպետք է իմիտացիա լինի. այստեղ կան անկողնային, համբույրի տեսարաններ։ Ի դեպ՝ դերասաններից մի քանիսն, ովքեր նկարահանվել են անկողնային տեսարաններում, ամուսնացած են: Ես նկարահանման եմ հրավիրել դերասանների, այլ ոչ թե այլ մասնագիտության մարդկանց, իսկ նրանց համոզելու խնդիր չի եղել, քանի որ ես աշխատում եմ պրոֆեսիոնալ դերասանների հետ»:

Բաց տեսարաններում նկարահանված Ալեքսանդր Բաբասյան և Մերի Հակոբյան զույգն, ի դեպ, առաջին անգամ ծանոթացել է նկարահանման հրապարակում: Ելենան նշում է, որ տեսարանը լավ ստանալու համար Մերին և Ալեքսանդրը սկսեցին ավելի հաճախ իրար հետ շփվել. «Մերին գնում էր Ալեքսանդր Բաբասյանի սրճարան, ընկերացան իրար հետ, և կարծում եմ՝ տեսարանները ստացվեցին։ Իհարկե, սկզբում բավականին բարդ էին ստացվում նրանց տեսարանները: Սարգիս Գրիգորյանի և Էվա Խաչատրյանի տեսարանների մասին պետք է ասեմ, որ շատ լավ ստացվեց, որովհետև Էվան իր տեսակով բավականին խարիզմատիկ է և կարողանում է իրենով անել մարդկանց: Նա արագ կողմնորոշվեց և Սարգիսի հետ ընկերացավ: Էվան խաղացել է այն տեսարանը, որը պետք է խաղար։ Նա հայաստանյան շուկայի լավագույն դերասանուհիներից մեկն է: Ուզում եմ նաև Էմմա Մանուկյանի մասին խոսել։ Ես երբեք չեմ թաքցնում, որ նա իմ սիրելի դերասանուհիներից է, հիացած եմ նրա պրոֆեսիոնալիզմով և մարդ տեսակով»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել