Tert.am-ը գրում է.
Tert.am-ը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ խոսել է հետագա անելիքների և «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ համագործակցության մասին: Խաժակյանի խոսքով՝ իրենք արդեն իսկ պատկերացնում են իրենց հետագա անելիքները: Նա, խոսելով «Երկիր Ծիրանի» հետ համագործակցելու մասին, նշեց, թե «Ելք» խմբակցությունը աշխատելու է երևանցիների կյանքը դրախտի վերածելու համար:

- Պարո՛ն Խաժակյան, որպես ավագանու անդամ՝ կասե՞ք, թե Երևանի ի՞նչ խնդիրների լուծմամբ եք առաջնահերթ զբաղվելու, և ըստ Ձեզ՝ որո՞նք են Երևանի առաջնային խնդիրները:

- Մենք առանձնացրել ենք Երևանի քաղաքային տնտեսությանը վերաբերող խնդիրները՝ ըստ խմբերի: Մենք դրանց վերաբերյալ հերթով սկսելու ենք առաջարկություններով հանդես գալ: Արդեն իսկ 2 գրություն եմ ուղարկել քաղաքապետին, որոնցից մեկը վերաբերում է Երևանի մետրոպոլիտենի մատչելիությանը հաշմանդամություն ունեցող անձանց համար, և գրություն եմ ուղարկել Արցախի փողոցի վթարային շենքերի վիճակի համար, քանի որ մեզ դիմել են: Կան խնդիրներ, որոնք վերաբերում են քաղաքային տրանսպորտին, իհարկե, նաև ասֆալտապատմանը: Մենք առանձնացրել ենք նաև ընթացակարգային հարցեր՝ մասնավորապես տենդերների թափանցիկությունը և համատիրությունների գործունեությունը:

- Երևանի ավագանու առաջին նիստին «Ելք» խմբակցությունը բոլոր քվեարկություններին ձեռնպահ քվեարկեց: Հետագայո՞ւմ էլ «Հանրապետական» խմբակցության ծրագրերին ձեռնպահ եք քվեարկելու:
 - Այսօր ծրագրեր չկային, մենք միայն հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ ենք ընտրել, որոնք պայմանավորված են օրենքով, քանի որ այդ տեղերը, ըստ Դոնթի բանաձևի, պատկանում են ՀՀԿ-ին: Այստեղ զուտ իրենց թեկնածուների ընտրության շուրջ ձեռնպահ ենք եղել, սակայն նախագծերի առումով, կարծում եմ, կլինեն նախագծեր, որոնց շուրջ պետք է պայքարենք՝ ոչ միայն դեմ քվեարկելով, այլև քաղաքացիներին մոբիլիզացնելով և այդ խնդիրների մասին տեղեկացնելով:

-Երևանի ավագանում մյուս ընդդիմադիր ուժը՝ «Երկիր Ծիրանին», այսօր բոյկոտել էր նիստը և խոստանում է դժոխքի վերածել ՀՀԿ-ի կյանքը՝ պատճառաբանելով, որ այս ավագանու գործունեությունը չի բխում երևանցու շահերից:

-«Ելք» խմբակցությունն աշխատելու է երևանցիների կյանքը դրախտի վերածելու համար, աշխատելու է իր ծրագրերը կյանքի կոչելու համար, պայքարելու է բոլոր հարթակներում, որտեղ հնարավոր է այդ պայքարն արդյունավետ կերպով մղել: «Երկիր Ծիրանիի» որոշումն իրենց որոշումն է, չեմ կարող մեկնաբանել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել