Yerkir.am-ը գրում է.

Տեղեկացրել էինք, որ այսօր Երևանի ավագանու առաջին նիստին «Երկիր ծիրանի» կուսակցության խմբակցությունը չմասնակցեց: Նրանք քաղաքապետարանի առջև ամբիոն տեղադրեցին և իրենց նիստը դրսում անցկացրին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Երկիր ծիրանի»-ի քայլին, նշեց, որ դա նրանց իրավունքն է` ինչպես ուզում են` թող անցկացնեն: «Բայց կարծում եմ` ավելի արդյունավետ կլինի, որ նիստներին մասնակցեն և առաջարկություններով հանդես գան, իրենց տրված քվեն էլ հարգեն»,- ասաց նա:

Մարգարյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը վերջին 10 օրերի ընթացքում բոլոր խմբակցություններին ասել է, որ գան քաղաքապետարան, քանի որ կազմակերպչական խնդիրներ կան` սենյակների հատկացում և այլն: «Թող բարի լինեին` գային, մենք պատրաստ էինք նրանց օգնել»,- նշեց նա:

Հարցին, թե Փոստանջյանն ասել էր, որ դժոխքի են վերածելու քաղաքապետարանի կյանքը, և արդյո՞ք ինքը զգացել է այդ շունչը,  Մարգարյանը պատասխանեց. «Ես Զարուհի Փոստանջյանին չեմ տեսել, որ զգայի այդ շունչը»:

Մեկ այլ հարցի` Փոստանջյանը նկատել է, որ քաղաքապետարանի լույսերը միացված են օրը ցերեկով, քաղաքապետը պատասխանեց. «Մենք էլեկտրիկ ունենք, թող իրենից հարցնեն»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել