«ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի պետի պաշտոնն արդեն մեկ ամիս է զբաղեցնում է Արմեն Լաբլաջյանը: Բնապահպանության նախարարությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ Լաբլաջյանը մասնակցել է քաղծառայության մրցույթին և հաղթող է ճանաչվել. նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի մայիսի 4-ի հրամանով նա նշանակվել է այդ պաշտոնում:

Արմեն Լաբլաջյանը բնապահպանության նախկին նախարար (ներկայումս ԱԺ պատգամավոր) Արամ Հարությունյանի վարորդի՝ Սամվել Լաբլաջյանի եղբայրն է: Նա բնապահպանության նախարարության տեսչության անտառների վերահսկողության պետն էր:

2014 թվականի օգոստոսի 26-ի իր աշխատասենյակում ձերբակալվեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը: Ձերբակալությունից 72 ժամ անց նա կալանավորվեց կաշառք ստանալու մեղադրանքով: Դատական տեղեկատվական համակարգից armtimes.com-ը տեղեկանում է, որ Արմեն Լաբլաջյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, իր լիազորությունների շրջանակներում ծառայության գծով, հովանավորչության և թողտվության համար «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն՝ Հենրիկ Վաչագանի Մարտիրոսյանից 2014 թվականի մայիս ամսին պահանջել և Զարզանդ Կարապետյանի փոխանցմամբ ստացել է ընդհանուր խոշոր չափերի հասնող՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
 
Ոստիկանության լրատվականի տարածած տեսանյութի համաձայն էլ Արմեն Լաբլաջյանը թույլատրել է մի շարք քաղաքացիների առանց համապատասխան թույլտվության Կոտայքի մարզի Գետամեջ, Կապուտան, Ջրաբեր և Ֆանտան համայնքներից տեղափոխել մեծ ծավալի սև հող և չխոչընդոտելու ու վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանցից պարբերաբար ստացել է ընդհանուր 975 հազար դրամ:
 
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ընթացած դատական պրոցեսի ժամանակ նա արդարացվեց հանցադեպ չլինելու հիմքով: Հարկ է հիշեցնել, որ Արամ Հարությունյանը 2014-ից 2015 թվականը զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը: Դատավարության ընթացքում երեք անգամ փոխվել է Արմեն Լաբլաջյանի մեղադրանքը, իսկ վերջում նա արդարացվել է: Մեղադրող դատախազը դիմել էր Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարան, սակայն Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի վճիռն անփոփոխ է մնացել:
 
Նույն քրեական գործի շրջանակում կալանավորվել էր նաև բնապահպանության նախարարության Արագ արձագանքման խմբի աշխատակից Զարզանդ Կարապետյանը, որն, ի դեպ, նախկին նախարար Արամ Հարությունյանի ընկերոջ տղան է: Նա նույնպես դատավարության ընթացքում արդարացվեց:
 
Արմեն Լաբլաջյանն այսօր արդեն հարցազրույցներ է տալիս և խոսում մայրաքաղաք Երևանի բնապահպանական խնդիրներից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել