«Նովոյե վրեմիա» կայքին տված իր վերջին հարցազրույցում Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի թաքցրել իր հիասթափությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախոսների ու, առհասարակ, ամերկյան հասարակության ընկալումների վերաբերյալ։ Պուտինը, ով սովորաբար աչքի է ընկնում զուսպ արտահայտչամիջոցներով, այս անգամ Ռուսաստանի մասին ասեկոսեներ տարածող լրատվական միջոցներին ու այդպես մտածողներին հրապարակայնորեն անվանել է «ուղեղից հիվանդ»։ Սա, իհարկե, դեռ չի նշանակում, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգելվեն, սակայն, միևնույն ժամանակ, ընդգծում է, որ Սառը պատերազմից հետո այդ հարաբերությունները թերևս ամենածանր շրջանն են ապրում։ Խոսքը մասնավորապես գնում է ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության դերի մասին, որին Ամերիկայում իսկապես լուրջ ուշադրություն են դարձնում՝ համարելով Պուտինին աշխարհի չարիք։ Հանրապետական սենատոր, նախագահի նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնն, առհասարակ, Պուտինին անվանել է աշխարհի համար մեկ չարիք, որի դեմ պայքարում առաջադեմ մարդկությունը պետք է միավորվի։ Ռուսներն իրենք են անակնկալի եկել այսպիսի դիրքորոշումներից, ու թեպետ դեռ Պուտինն ու Թրամփը չեն հանդիպել, սակայն Ռուսաստանի նախագահի վերաբերյալ առասպելներն ու պատմությունները դեռ չեն դադարում։ Սակայն սա չի նշանակում, որ Ռուսաստանը հասել է իր նպատակին, ու փաստ է, որ հարաբերություններ կարգավորելու հարցում Պուտինն ինքն է փորձում քայլեր անել, որովհետև դա նախևառաջ հենց իրեն է պետք։ Տնտեսական սանկցիաների շարունակմանը զուգընթաց՝ Ռուսաստանում շարունակում է սրընթաց վայրէջք կատարել տնտեսությունը։ Դա շատ լավ է հասկանում Պուտինը, ով հենց իր վերջին հարցազրույցում գովեստի խոսքեր է ասում Ռուսաստանում ամերիկացի ինվեստորների հասցեին՝ նրանց համարելով ռուս ժողովրդի ընկերներ։ Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ պարզ կդառնա, երբ Պուտինն ու Թրամփը վերջապես հանդիպեն ու հստակություն մտցնեն երկու երկրների հարաբերությունների մեջ։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խոսակցությունները՝ Պուտինի ու Թրամփի լարված հարաբերությունների մասին, շարունակելու են ակտուալ լինել համացանցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել