Հայաստան-Չեխիա խաղից հետո մեկնաբանություններ եւ կարծիքներ շատ եղան: Պարտությունից հետո հուսալքություն, զայրույթ ու քննադատություններ: Տեղի տվեցին նաեւ մեր հավաքականի ֆուտբոլիստների նյարդերը, ովքեր, կարծում եմ, հաղթանակ տանելու եւ լավ խաղ ցուցադրելու հարցում ամենաշատն էին շահագրգռված: Մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի կարծիքը խաղընկերների մասին շատերին ստիպեց Հենոյին աստղային հիվանդություն վերագրել, բայց եւ չփորձեցին հասկանալ՝ գուցե մեր լավագույն ֆուտբոլիստներից մեկի զայրույթը տեղին էր, անկախ նրանից նման կարծիք հայտնելու իրավունք ունե՞ր, թե՞ ոչ: Համենայնդեպս չեմ կարծում, թե Հենրիխ Մխիթարյանը մեծամտացել է կամ իրեն վեր է դասում խաղընկերներից: Անձամբ հետեւում եմ Դոնեցկի «Շախտյորի» հանդիպումներին, որտեղ հանդես է գալիս մեր ֆուտբոլիստը, եւ բազմիցս լսել եմ ուկրաինացի ֆուտբոլային մեկնաբանների ու քննադատների միանշանակ դրական կարծիքը ու գնահատականը Հենրիխ Մխիթարյան ֆուտբոլիստի, նաեւ անձնավորության մասին: Այնպես որ, Հենոյի կարծիքը քննարկելու փոխարեն լավ կլինի՝ մտածենք, թե ինչ է այսօր պակասում մեր հավաքականին, ինչ է պետք ավելի լավ որակի ֆուտբոլիստներ ունենալու, պատրաստելու եւ ավելի լավ խաղալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել